Մատչելիության հղումներ

logo-print

Վայոց Ձորում երկու տարեց կանանց սպանության համար մեղադրվում է միևնույն անձը


Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բացահայտվել է սպանության մեկ այլ դրվագ ևս:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը՝ Ն.Խ.-ն, նշված գործի շրջանակում խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում Գոհար Բարսեղյանին ևս ինքն է սպանել:

76-ամյա Գոհար Բարսեղյանի դին՝ մահվան պատճառ դարձած գանգուղեղային վնասվածքով, հիշեցնենք, հայտնաբերվել էր Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում, դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել սպանություն հատկանիշներով:

«Քանի որ նախաքննության մարմնի ուշադրությունից չէր վրիպել այն հանգամանքը, որ երկու դիակներից անհետացել են տուժողների ոսկյա ականջօղերը, առաջ քաշված վարկածներից ելնելով՝ հարցման և հարցաքննության են ենթարկվել մարզում ոսկյա զարդերի առուվաճառքով զբաղվող անձինք: 16-ամյա երիտասարդը ճանաչման է ներկայացվել Գոհար Բարսեղյանի և Վարդուշ Սիմոնյանի ոսկե ականջօղերը գնած ոսկերիչներին, ովքեր ճանաչել և հաստատել են, որ զարդերը վաճառելու նպատակով իրենց առաջարկել է հենց ճանաչման ներկայացված անձը: Անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների պայմաններում անչափահաս Ն.Խ.-ի կողմից տրվել է խոստովանական ցուցմունք այն մասին, որ Գոհար Բարսեղյանին ևս ինքն է սպանել», - ասված է հաղորդագրությունում: - «Մասնավորապես՝ Ն.Խ.-ն 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, հողագործական աշխատանքներ գտնելու նպատակով գնացել է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գոհար Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում էլ տարեց կնոջ ականջներին նկատել է ոսկյա ականջօղերը: Այնուհետև նշված ոսկե ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է Գոհար Բարսեղյանի գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Պարզվել է նաև, որ կնոջ մատներին եղել են նաև ոսկյա մատանիներ, որոնք, սակայն, Ն.Խ.-ն չի հափշտակել»:

Անչափահաս Ն.Խ.-ի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել Բարսեղյանի հողամասը և նկարագրել դեպքի բոլոր հանգամանքները:

Երկու կանանց սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը նոյեմբերի 2-ին միացվել են մեկ վարույթ, և 16-ամյա Ն.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետերով՝ «շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն»:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Վայոց Ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ն.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG