Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ճնշումը Իսրայելի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար, պետք է արժանանա հայերի հակազդեցությանը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Քանի որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին դարձել են ավելի լարված, ռազմավարական դաշինքից անցնելով բացահայտ թշնամության, ապա շատ վերլուծաբաններ սկսել են զարմանալ Թուրքիայի նախագահ Էրդողանի հակասեմական ելույթներին և հակաիսրայելական գործողություններին Իսրայելի կառավարության ոչ բնորոշ զուսպ արձագանքի վրա:

Այս պայմաններում հայերը և նրանց կողմնակիցները զարմացած են վարչապետ Բենյամին Նեթանյահուի շարունակական մեղսակցությունից՝ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման և Քնեսեթում (խորհրդարան) դրա ճանաչման արգելափակման գործում:

Մերձավոր Արևելքի որոշ փորձագետներ երկու բացատրություն ունեն Իսրայելի տարօրինակ դիրքորոշման վերաբերյալ.

1) Չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև առկա առերևույթ ատելությանը՝ երկու երկրները շարունակում են իրենց հետախուզական տվյալների գաղտնի փոխանակումը և զենքի առևտուրը:

2) Ադրբեջանը՝ Թուրքիայի կրտսեր եղբայրը, ագրեսիվ դեր է ստանձնել՝ ճնշում գործադրելով Իսրայելի վրա Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, որպես լծակ օգտագործելով իսրայելական արդիական զենքի միլիարդավոր դոլարների գնումը, Իսրայելին ապահովելով խիստ անհրաժեշտ նավթամթերքներով և տրամադրելով Ադրբեջանում բազա՝ Իրան ներթափանցելու և լրտեսելու համար, որի հետ նա ունի 700 կմ սահման:

Իսրայելի կառավարությունն այնքան գերզգայուն է դարձել Ադրբեջանի թելադրանքների նկատմամբ, որ վերջերս Երուսաղեմ կատարած այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի արտգործնախարարի դժկամությանը հակառակ կարողացավ հանդիպել Իսրայելի նախագահի հետ:

The Jerusalem Post թերթի նոյեմբերի 1-ի համարում մի հոդված լիովին ցույց է տալիս Իսրայելի՝ Ադրբեջանին հաճոյանալու աստիճանը: Այն ժամանակ, երբ արևմտյան խմբերի մեծ մասը` ներառյալ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), հրաժարվեց դիտորդ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին Բաքվի կիրառած սահմանափակումների պատճառով, Իսրայելի Քնեսեթի չորս անդամներ շտապեցին Ադրբեջան՝ ցույց տալու իրենց աջակցությունը Ալիևի բռնատիրական վարչակարգին... Իսրայելի նախկին արտգործնախարար, այժմ Իսրայել-Ադրբեջան խորհրդարանական խմբի նախագահ Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը, Սոֆա Լանդվերը և Յոել Ռազբոզովը:

The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Լիբերմանը որպես արտգործնախարար «աշխատել է ամրապնդել Իսրայելի կապերն Ադրբեջանի հետ», և մեջբերել է Բաքվում ասված նրա խոսքերը, որ այն «Իսրայելի համար կարևոր երկիր է և լավ բարեկամ.... Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ [Ադրբեջանը] հայտնի էր հրեական համայնքի նկատմամբ լավ վերաբերմունքով, և այնտեղ հակասեմիտիզմ չկա: Մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ»: Azernews գործակալությունը ևս մեջբերել է Ընտրական լրատվական կենտրոնին նրա ասածը, թե Ադրբեջանը «ժողովրդավարության, կայունության և հաջող արտաքին քաղաքականության օրինակ է»: Նման անհեթեթ և կեղծ հայտարարություններն անընդունելի են իրազեկ մարդկանց մեծ մասի կողմից:

Հետաքրքիր է, թե ինչու է նախկին արտգործնախարարն այդքան շահագրգռված արդարացնելու Ադրբեջանի անցյալի և ներկայիս հակասեմիտիզմը: Բաքվից Քնեսեթի չորս անդամների վերադարձից հետո, նրանց պետք է խնդրել բացահայտել այն շռայլ նվերները, որ նրանք հավանաբար ստացել են որպես երախտիքի նշան Ադրբեջանի անարդար ընտրությունները կուրորեն վավերական ճանաչելու համար: Զարմանալի չէ, որ Ալիևը շարունակելու է իշխել իր կառավարող կուսակցության՝ խորհրդարանում մեծամասնությունը պահպանելուց հետո, մինչ հիմնական ընդդիմությունը բոյկոտեց անցած կիրակի օրվա ընտրությունները:

The Jerusalem Post-ը հաղորդեց, որ «Ադրբեջանը համարվում է ամենամտերիմ մահմեդական երկիրն Իսրայելի համար, և երկու երկրներն ունեն սերտ կապեր ու նշանակալից առևտուր: Ադրբեջանը Իսրայելի ամենամեծ նավթային մատակարարն է, և ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հասել է 5 մլրդ դոլարի՝ ավելի, քան Ֆրանսիայի հետ: Վերջին տարիներին Բաքու են այցելել Լիբերմանը, այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսը և պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը»:

Ձեռնամուխ լինելով նավթ՝ զենքի դիմաց քաղաքականությանը՝ Իսրայելի պաշտոնյաներին շատ հարմար է անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, խոսքի ազատության բացակայությունը և լրագրողների ու ակտիվիստների, այդ թվում՝ Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսի ու «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատազրկումը:

Թեև ինչ-որ չափով հասկանալի է, որ Իսրայելը և Ադրբեջանը հետապնդում են սեփական շահերը՝ անկախ նրանից, թե որքանով դատապարտելի են միջոցները, այդուհանդերձ, Հայաստանը ևս պետք է հետամուտ լինի իր ազգային շահերին և հակազդի ցանկացած երկրի գործողություններին, որոնք սպառնում են իր անվտանգությանն ու հարցականի տակ դնում Ցեղասպանության իրողությունը: Հայաստանի կառավարությունը պետք է հստակորեն հասկացնի Իսրայելի պաշտոնյաներին, որ Ադրբեջանին բազմամիլիարդ դոլարների ժամանակակից զենք վաճառելով՝ նրանք պատասխանատվություն են կրում հազարավոր հայերի կյանքը վտանգելու համար: Ադրբեջանցի պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարում են, որ Իսրայելից ձեռք բերված զենքով իրենք նպատակ ունեն հարձակվել Արցախի և Հայաստանի վրա:

Վերջապես, Հայաստանը պետք է զգուշացնի Ադրբեջանին, որ Հայոց ցեղասպանության նրա անտեղի ժխտումները և այլ երկրների, ինչպես, օրինակ, Իսրայելի վրա ճնշումները՝ իր ժխտողական գործերին միանալու համար, ավելի կթշնամացնեն հայերին՝ անհնարին դարձնելով Արցախյան հակամարտության հարցում որևէ զիջման գնալը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG