Մատչելիության հղումներ

Դատարանը որոշել է «Ռուսթավի 2»-ը վերադարձնել նախկին սեփականատիրոջը


«Ռուսթավի 2» հեռուստաընկերություն, արխիվ

«Ռուսթավի 2» հեռուստաընկերություն, արխիվ

Թբիլիսիի դատարանը երեկ որոշել է «Ռուսթավի 2»-ի 60 տոկոս բաժնեմասը վերադարձնել հեռուստաընկերության նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին, իսկ 40 տոկոսը՝ նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը։

«Ռուսթավի 2»-ի ներկայիս տնօրինությունն իրավունք ունի բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը, Վրաստանի Սահմանադրական դատարանի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն, չի կարող ուժի մեջ մտնել անմիջապես:

Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2» ընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին դիմել էր դատարան՝ պահանջելով իրեն վերադարձնել 2006 թվականին գնված բաժնետոմսերը: Խալվաշին պնդում էր, որ իրականում «Ռուսթավի 2»-ի բաժնետոմսերը իրենից ոչ թե ձեռք են բերել շուկայական գնով, այլ պարզապես առգրավել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով:

Sputnik-Georgia.ru-ի փոխանցմամբ՝ ընկերության ներկայիս տնօրեն Նիկա Գվարամիան թբիլիսյան դատարանի որոշումը համարում է քաղաքական պատվեր ու խոսքի ազատության ոտնահարում։

Նա հայտարարել է, որ անկախ դատարանի որոշումից՝ Կիբար Խալվաշին չի կարող հետ ստանալ հեռուստաընկերությունը։ «Ակնհայտ է, որ այս վճիռը բացարձակապես իրավաբանական ուժ չունի, և այդ որոշումը ոչինչ չի փոխում ընկերության համար, այն նույնիսկ գործնական արժեք չունի։ Այս որոշման հիման վրա Կիբար Խալվաշին չի կարող մուտք գործել հեռուստաընկերություն», - ասել է «Ռուսթավի 2»-ի տնօրենը։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի դատարանի երեկվա որոշմանն անդրադարձել է Վրաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Սերգի Կապանաձեն։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Իշխանությունները ներկայիս տնօրենի ձեռքից խլեցին հեռուստաընկերությունը։ «Ռուսթավի 2»-ը կբողոքարկի այս որոշումը, և եթե չլինի քաղաքական միջամտություն, անպայման կշահի դատը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG