Մատչելիության հղումներ

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց ազատ չեն զգում սոցցանցերում


Դրա հետ մեկտեղ, ըստ հարցման արդյունքների, նրանք սոցիալական ցանցերը զանգվածաբար լքելու ցանկություն կարծես չունեն:

Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը խուսափում է սոցիալական ցանցերում ազատորեն, առանց կաշկանդվելու արտահայտել սեփական կարծիքը: Սա են վկայում Konda սոցիոլոգիական ծառայության, Ստամբուլի Bilgi համալսարանի և Կոստանդնուպոլսի հունական պատրիարքարանի համատեղ հետազոտության արդյունքները: Զեկույցն, ի դեպ, կազմվել է Եվրամիության պատվերով:

Hurriyet Daily News-ի տեղեկություններով` հարցմանը մասնակցել են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 746 հայեր, հույներ, հրեաներ և ասորիներ: Հարցման մասնակիցների 80 տոկոսն անկեղծորեն խոստովանել է, որ վախենում է կամ գոնե խուսափում է սոցիալական ցանցերում ազատ կերպով արտահայտել սեփական կարծիքը: Հարցվածների միայն 20 տոկոսն է նշել, որ ազատորեն արտահայտում է սեփական կարծիքը` չվախենալով հնարավոր կոշտ արձագանքից:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների 86 տոկոսը նշել է, որ սոցիալական ցանցերում հանդես է գալիս սեփական անվան տակ, մոտ 2 տոկոսը` միմիայն կեղծանվամբ, իսկ հարցված հայերի, հույների, հրեաների և ասորիների 12 տոկոսն ասել է, որ սոցիալական ցանցերում միանգամից երկու էջ ունի` մեկը՝ իրական անվան տակ, մյուսն էլ՝ կեղծանվամբ:

Հետազոտության մասնակիցների 35 տոկոսը նշել են, որ ազգային պատկանելության պատճառով իրենք սոցիալական ցանցերում ենթարկվել են նվաստացման, իրենց սպառնացել են, զրպարտել կամ վիրավորել:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի ազգային փոքրամասնությունները սոցիալական ցանցերը զանգվածաբար լքելու ցանկություն կարծես չունեն: Հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ սոցիալական ցանցերի միջոցով կարողանում է ընդլայնել կապերը հասարակության մեծամասնության, այսինքն՝ թուրքերի հետ: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայում բնակվող հայերի, հույների, մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը` շուրջ 80 տոկոսը համոզված է` երկրի Քրեական օրենսգրքում պետք է հստակ հոդված լինի, որով պատիժ կսահմանվի համացանցում մարդկանց ազգային խտրականության ենթարկելու, նրանց իրավունքները ոտնահարելու համար:

Զեկույցի հեղինակներից մեկը` պրոֆեսոր Ուլաշ Քարան Hurriyet Daily News-ի թղթակցին ասել է․ - «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ են սոցիալական ցանցերում ատելություն սերմանող հայտարարությունների թիրախ դառնում: Այդ դեպքերի առթիվ, սակայն, որևէ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել»:

XS
SM
MD
LG