Մատչելիության հղումներ

Արա Բուդաղյանը դիմել է ՄԻԵԴ


Սյունիքի մարզպետի ավտոմեքենան, որի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել: 21-ը մայիսի 2015 թ․

Սյունիքի մարզպետի ավտոմեքենան, որի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել: 21-ը մայիսի 2015 թ․

Փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Արա Բուդաղյանը այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) բողոքարկել է իր կալանավորման որոշումը:

Չնայած անցած մայիսին Կապան-Գորիս ավտոճանապարհին իր մեքենայի վրա արձակված կրակոցների առնչությամբ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է, և չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ դեպքը բացահայտված է:

«Կարծում եմ, արդեն իրանք իրանց մեղավորությունը վերցրել են, բացահայտված ա, զենքը կա, մարդիկ ասում են, որ իրանք են արել: Դրա մասին ես չեմ էլ մտածում, դա իմ խնդիրս չի: Ազգային անվտանգությունը դրանով զբաղվում ա: Որևիցե անգամ առնչություն չենք ունեցել դրանց հետ: Ընդամենը ստոր մարդիկ էին, հանուն փողի գնացին դրան», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Խաչատրյանը:

Մարզպետի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով ձերբակալված Հենրիկ Ավագյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղքն ընդունել է մասնակիորեն: Իսկ մեղադրյալ Վիտալի Մինասյանը, ըստ նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանի, առաջադրված մեղադրանքն ընդհանրապես չի ընդունել:

Նույն գործով մեղադրվող գործարար Արա Բուդաղյանը՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրը, ոչ միայն չի ընդունել մեղքը, այլև, փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ, այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկել է իր կալանավորման որոշումը:

Հոկտեմբերի 29-ին, հիշեցնենք, դատարանը երկրորդ անգամ երկու ամսով երկարաձգել էր Արա Բուդաղյանի կալանքը: Նման միջնորդությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմել էր Ազգային անվտանգության ծառայությունը՝ հիմնավորելով, թե Բուդաղյանը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:

Հայկ Ալումյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ևս երկու ամսով երկարաձգելու միակ հիմնավորումն այն է, որ Բուդաղյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործություն․ - «Կենտրոնի դատարանը մոտավորապես իրեն էնպես է պահում, ինչպես եթե լիներ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը․․․ Ձևական դատավարություն, և նախապես պատրաստված դատական ակտ»:

Ալումյանը հիշեցնում է 2006 թվականին Ժիրայր Սեֆիլյանի գործը, երբ նույն հիմնավորմամբ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը շուրջ ութ ամիս պահվում էր նախնական կալանքի տակ, իսկ ավելի ուշ՝ 2012-ին, Եվրոպական դատարանը գտավ, որ Սեֆիլյանի իրավունքները խախտվել են․ - «Եվրոպական դատարանը նշել էր, որ միայն մեղսագրվող հանցագործության ծանրությունը չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի հետևություններ անել, որ անձը կարող է թաքնվել քննությունից կամ նոր հանցագործություն կատարել»:

Տարիներ ի վեր Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ կապվող միջադեպերին հետևող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ Բուդաղյանին կալանքի տակ պահելը քաղաքական որոշում է՝ այս ձևով ճնշում է գործադրվում Բուդաղյանների ընտանիքի վրա, որը մարզպետի ընտանիքի դեմ էր դուրս եկել․ - «Վստահ եմ, որ դիտավորյալ այս ընտանիքի նկատմամբ ճնշում է գործադրվում: Եվ հիմա կրտսեր Բուդաղյանին կալանքի տակ պահելով պատանդի կարգավիճակում՝ այս ձևն են ընտրել և պիտի այդպես պահեն՝ մտածելով, որ ընտանիքին սրանով կոտրում են կամ ճնշում են»:

Երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպում ներգրավված էին Արա Բուդաղյանի ավագ եղբայրները․ Ավետիք Բուդաղյանը սպանվեց, իսկ մյուս եղբայր Արտակ Բուդաղյանը միակն էր, ով կանգնեց դատարանի առջև՝ Խաչատրյանների ընտանիքի հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով:

XS
SM
MD
LG