Մատչելիության հղումներ

Նաբիուլինա. «Նավթի գները ցածր կլինեն»


Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինա, արխիվ
Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինա, արխիվ

Ռուսաստանում կենսամակարդակն իջնում է, իսկ Պուտինի վարկանիշը` ոչ։

Ռուսաստանում այլևս մեծ հույսեր չեն կապում նավթի գնի աճի և դրանից բխող՝ տնտեսական իրավիճակի բարելավման հետ։

Երեկ օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ասել է, որ բանկն այս տարվա առաջին կիսամյակում մի քանի անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց անցած ուրբաթ օրը որոշել է այն պահել 11 տոկոսի վրա։

«Թույլ տվեք նշել, որ մեր որոշումները հիմնված են վտանգների` սղաճի և տնտեսական զարգացման թուլացման հավանականության մանրակրկիտ հետազոտությունների վրա։ Ինֆլյացիայի ռիսկը էապես աճել է անցած ամիսներին», - ասել է Կենտրոնական բանկի նախագահը։

Էլվիրա Նաբիուլինան նկատել է տվել, որ ռուսական հիմնական արտահանման` էներգակիրների գների աճ չի լինի։

«Մենք ենթադրում ենք, որ նավթի գները տեսանելի ապագայում ցածր կմնան։ Իհարկե, եթե աճեն` հրաշալի կլինի, բայց նավթի բարձր գների վրա հիմնված քաղաքականությունից բխող վտանգները կլինեն ավելի մեծ, քան այն դեպքում, եթե մենք մեր կանխատեսումներում հիմնվենք ցածր գների վրա, իսկ հետո իրականում դրանք ավելի բարձր լինեն»,- ասել է Նաբիուլինան։

Պետական դումայի բյուջետային հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում նա ասել է, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսքն այս տարի ավելի փոքր կլինի։ Ի դեպ, նա ասել է «փոքր», մինչդեռ իրականում դա հսկայական թիվ է` ավելի քան 70 միլիարդ դոլար։ 2016-17 թվականներին արտահոսքը կկազմի մոտ 60 միլիարդ դոլար։

Իսկ արտարժույթի կորստի թիվը կհասնի հիրավի տիեզերական գումարի` 200 միլիարդ դոլարի։

«Դա տեղի կունենա մեր ավանդական էքսպորտի գնանկման և արտաքին փոխառությունների իջեցման հետևանքով»,- ասել է Նաբիուլինան։

Forbes հանդեսի մեկնաբան Մարկ Ադոմանիսի փոխանցմամբ, մինչև 2009 թվականը գրանցված կենսամակարդակի աճը դարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի աճի հիմնական խթանը։

Հիմա իրավիճակը փոխվել է. 2014 թվականին ռուսաստանցիների միջին աշխատավարձն իջել է 0.6 տոկոսով, ամբողջ տարի իջել է նավթի գինը և ռուբլու փոխարժեքը։

2015-ին է՛լ ավելի բարդ կացություն է, հունվարից մինչև սեպտեմբեր ռուսաստանցու ռոճիկն իջել է 3.3 տոկոսով, ընդ որում՝ օգոստոսին անկումն ավելի էական էր, քան տարեսկզբին, երբ տնտեսության վիճակն ավելի ծանր էր, բայց այդ ամենը դեռ չի ազդում Պուտինի վարկանիշի վրա։

«Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք միջին աշխատավարձը երբեք այդչափ մեծ անկում չի գրանցել, որքան անցած կես տարում։ Վաղ թե ուշ դա իշխանության համար լուրջ խնդիր կստեղծի»,- ասել է ամերիկացի վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG