Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի փոխանցմամբ, Տուլայի մարզում ավտոբուսի վթարի կապակցությամբ չեղյալ են հայտարարվել նոյեմբերի 4-ին միության բոլոր տոնական միջոցառումները Մոսկվայում:

Այս գիշեր Մոսկվա - Երևան երթուղու ավտոբուսը վթարի էր ենթարկվել «Տուլայի մարզի Ուլովսկի քաղաքի մոտակայքում:

Վերջին տվյալները «Ազատության» հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո խոսնակ Լևոն Թորգոմյանը․ այս պահի դրությամբ 8 մարդ զոհվել է, որոնցից 7-ի ինքնությունն արդեն հաստատված է: Ճշտված տվյալներով, ավտոբուսում եղել է 61 ուղևոր, նրանցից 13-ը չեն տուժել կամ ստացել են թեթև վնասվածքներ: Մնացածը Տուլայի մարզի տարբեր հիվանդանոցներում են, նրանցից առնվազն 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Ուլովայա հիվանդանոցում գտնվում են 6 հոգի վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծանր է, երկուսինը՝ ծայրահեղ ծանր: Եվ մի հոգի ծանր վիճակի ունենք Կիրեևսկայի հիվանդանոցում», - հավելեց Թորգոմյանը:

Առավոտյան արդեն Տուլա են ժամանել և՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության, և՛ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Տուլայի մարզի հայերի միության ղեկավար Ռաֆիկ Պապյանը, ուղևորներից 12-ը վաղը կտեղափոխվեն Մոսկվա:

Արդեն հրապարակվել են զոհվածներ և տուժածների ցուցակները: Զոհերի և վիրավորների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են: Դեսպանության տվյալներով, նրանց մեջ երեխաներ չկան:

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ չկան հստակ տվյալներ, թե որ երկրների քաղաքացիներ են տուժածները, քանի որ փաստաթղթերը մնացել են վթարի վայրում, որտեղ այս պահին աշխատում են քննիչները:

Ռուսաստանի իրավապահները քննարկում են երկու վարկած՝ ավտոբուսի անսարքությունը և մարդկային գործոնը: Երկու վարորդները, ի դեպ, չեն տուժել: Նրանք այժմ Տուլայի ոստիկանությունում են:

Տուլայի ոստիկանության խոսնակ Անդրեյ Յարցևը հայտնել է, որ վարորդներն այժմ հարցաքննվում են իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վաղը Մոսկվայում նախատեսված բոլոր տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել, այդ թվում՝ ավանդական տոնական համերգը Կրեմլում:

«Դա մեծ դժբախտություն է: Ես ցավակցում եմ զոհվածների հարազատներին», - ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ բոլոր տուժածները կստանան 50-100 հազար ռուբլի:

XS
SM
MD
LG