Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Դիմադրության «ադրբեջանցի մասնակցի» մասին նյութերը հեռացվել են Wikipedia-ից


Wikipedia-ի լոգոն
Wikipedia-ի լոգոն

Օգտատերերը սխալներ են գտել «հերոսի» կենսագրությանը վերագրվող բոլոր դրվագներում:

Առցանց հանրագիտարանից՝ Wikipedia կայքից հոկտեմբերի վերջին հեռացվել են ադրբեջանցի Ահմեդի Ջեբրայիլովի մասին նյութերը, որտեղ նա ներկայացված էր որպես ֆրանսիական Դիմադրության շարժման ակտիվ մասնակից և ընդհանրապես շատ հերոսություններ կատարած մարդ:

Ռուսական Wikipedia-ում տեղադրված նյութերից օգտվել էին նաև անգլերեն, ֆրանսերեն օնլայն հանրագիտարանները:

Ըստ այդ նյութերի՝ Ադրբեջանի Օխուդ գյուղի բնակիչ Ահմեդի Ջեբրայիլովը Երկրորդ աշխարհամարտին կամավոր մեկնում է ռազմաճակատ, ծանր վիրավորվում է, գերի ընկնում, համակենտրոնացման ճամբարից կարողանում է փախչել, Ֆրանսիայում միանում է Դիմադրության շարժմանը, քաջագործություններ է կատարում, հետախուզական խմբի ղեկավար է նշանակվում, Պատվո լեգեոնի շքանշանի է արժանացել, Շառլ դը Գոլից շնորհակալական նամակ է ստացել, մասնակցել է Բորդոյի ազատագրմանը, իսկ հետո՝ 1944-ի օգոստոսի 20-ին Փարիզի ազատագրման հանրահավաքում ելույթ է ունեցել սովետական բոլոր զինվորների անունից: Պատերազմից հետո վերադարձել է հայրենիք, բայց բռնաճնշումների է ենթարկվել, աքսորվել Սիբիր, ազատվելուց հետո դարձել է հայրենի Օխուդ գյուղի հովիվը, իսկ շքանշաններն ու փաստաթղթերը նրան վերադարձրել են 1966-ին, երբ Մոսկվա էր այցելել դը Գոլը, ով ցանկացել էր հանդիպել հին ընկերոջը, և Ահմեդի Ջեբրայիլովին գտել էին, բերել Մոսկվա, հանդիպեցրել դը Գոլի հետ: Ջեբրայիլովը մահացել է 1994 թվականին, հայրենիքում բացված է նրա թանգարանը:

«Մեդուզա» պորտալը, գրելով այս մասին, շարունակում է, որ այս տարվա ամռանը Wikipedia-ի օգտատերերից մեկը առաջարկել է Ջեբրայիլովի մասին նյութերը հեռացնել կայքից՝ կասկածելի համարելով, որ նման նշանավոր մարդու մասին ֆրանսիական ոչ մի աղբյուրում հիշատակում չկա: Ջեբրայիլովի մասին որևէ հիշատակում չկա նաև դը Գոլի այցելությունը լուսաբանած լրագրողների նյութերում: Օգտատերերը սխալներ են գտել նրա կենսագրությանը վերագրվող բոլոր դրվագներում, նույնիսկ պատմական փաստերին առնչվող սխալներ, օրինակ՝ սկզբում Փարիզն է ազատագրվել, հետո՝ Բորդոն, այնպես որ՝ Ջեբրայիլովը չէր կարող մասնակցել Բորդոյի ազատագրմանը, հետո՝ Փարիզի: Նրա անունը չկա համակենտրոնացման ճամբարների գերիների ցուցակներում, պարգևատրումները ևս կեղծ են դուրս եկել: Օգտատերերից մեկը հասել է նրա հայրենի գյուղը՝ Ջեբրայիլովի թանգարանի նյութերը ուսումնասիրելու համար․ պարզվել է՝ ցուցադրված մեդալները եղել են Առաջին համաշխարհային պատերազմի մեդալներ, երբ Ջեբրայիլովը դեռ չէր էլ ծնվել, ևս երկու սովետական մեդալ «շնորհվել էր» նրա մահից հետո: Ուսումնասիրություններին վերջակետ է դրել Ֆրանսիայի Տարն-է-Գարոն տարածաշրջանի, որտեղ Ջեբրայիլովն իբր միացել էր ֆրանսիական Դիմադրությանը, արխիվային դեպարտամենտի պատասխանը․ դեպարտամենտից հայտնել են, որ նրա անունը չի հիշատակվում, Դիմադրության մեդալներով պարգևատրվածների ցանկում ևս չի թվարկվում:

Ահմեդի Ջեբրայիլովի մասին նյութերը հեռացվեցին Wikipedia-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG