Մատչելիության հղումներ

Ստեփանավանի օդանավակայանում «հերթապահություն կիրականացնեն ռուսական ծանր ուղղաթիռներ»


ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյան, արխիվ
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյան, արխիվ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ը նաև աշխատանքներ է տանում այնտեղ թեթև ինքնաթիռներ ու ուղղաթիռներ ունենալու ուղղությամբ։

Ստեփանավանի օդանավակայանում հերթապահություն են իրականացնելու ռուսական Ми-24 և Ка-32 ծանր ուղղաթիռներ։ Այդ մասին երեկ Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (ՏԿԱԻՆ) Արմեն Երիցյանը:

Կառավարությունը Ստեփանավանի օդանավակայանը 2013-ի օգոստոսին հանձնեց Երիցյանի գլխավորած նախարարությանը՝ նշելով, որ օդանավակայանի գործարկման շնորհիվ փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի արդյունավետ:

«2016 թվականին մենք այնտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն կավարտենք։ Ես պայմանավորվել եմ նաև իմ ռուս գործընկերների հետ, որ այստեղ մեզ պետք են ծանր ուղղաթիռներ, խոսքը գնում է Ми-24, Ка-32-ի մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ այստեղ հերթապահություն են անելու այդ ուղղաթիռները, և այստեղ կլինի ծառայությունը», - հայտարարեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նա հավելեց՝ Ռուսաստանից բացի, համագործակցության ծրագրեր են մշակվում նաև եվրոպական մի շարք երկրների հետ: «Մենք նաև թեթև ինքնաթիռների ու ուղղաթիռների ուղղությամբ ենք աշխատանքներ տանում և՛ մեր ռուս գործընկերների հետ, և՛ Շվեյցարիայի մեր գործընկերների հետ, նաև Ֆրանսիայի հետ ենք մենք աշխատանքներ տանում, որ այդտեղ մենք ունենանք նորմալ օդանավակայան էդ ուղղությամբ», - ասաց նախարարը։

Երիցյանը խոսեց Ми-24 ուղղաթիռների մասին, իսկ այդ ուղղաթիռները հարվածային ուղղաթիռներ են, որոնք լայնորեն կիրառվում են աշխարհի մի շարք երկրների բանակներում:

2014 թվականի հունվարին Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի, «Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա՝ մանրամասնելով, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն МиГ-29 կործանիչներից, ապա այժմ՝ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ, «որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանդակության ժամանակ»:

Պարզ չէ՝ արդյո՞ք ռուսական ռազմակայանի ուղղաթիռները տեղակայվելու են նաև Ստեփանավանի վերանորոգված օդանավակայանում, և նախարար Արմեն Երիցյանը խոսում էր հենց ա՞յս մասին:

Տվյալ թեմայով այլ մանրամասներ՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG