Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի նախագահը հանդիպման սկզբում ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանն առաջարկել է մինչ բանակցությունները մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

ՀՀ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը քննարկել են հայ-ռուսական բազմաբնույթ օրակարգն ու երկկողմ ռազմավարական գործընկերությունն ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ հետագա քայլերը և այդ ամենում երկու երկրների օրենսդիր մարմինների դերը: Սերժ Սարգսյանը և Վալենտինա Մատվիենկոն այդ համատեքստում բարձր են գնահատել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև փոխգործակցությունը, որին, նրանց համոզմամբ, նպաստում են պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյի մասնակցությունը Երևանում վաղն անցկացվելիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովին, որը համընկել է նրա պաշտոնական այցի ժամկետի հետ:

ՀՀ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների շուրջ, անդրադարձել տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG