Մատչելիության հղումներ

Վարչապետն ազնիվ չի համարում տնտեսական վիճակի բարելավման մասին խոստումներ տալը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր ներկայացնելով 2016 թվականի բյուջեի նախագիծը, հայտարարեց, թե ստեղծված տնտեսական իրավիճակում ժողովրդի կյանքը բարելավելու խոստումներ տալ չի կարող: Ավելին՝ վարչապետն այդօրինակ խոստումներն անվանեց ոչ ազնիվ։

«Լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,- Ազգային ժողովում հայտարարեց Աբրահամյանը։

Հղում կատարելով հեղինակավոր տնտեսագետներին և միջազգային կառույցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե 2015 թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատվել են ավելի ծանր, քան 2008-2009 թվականների միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Վարչապետի փոխանցմամբ՝ էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված՝ Ռուսաստանում արձանագրված տարադրամային տատանումները բերեցին տրանսֆերտների զգալի անկման: Նման անկումն էլ էապես դանդաղեցրեց տնտեսական աճը։ Ստեղծված պայմաններում վարչապետը թվարկեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար:

«Նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ»։

2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսված տնտեսական աճը կազմում է ընդամենը 2.2 տոկոս, գնաճը՝ շուրջ 4 տոկոս, բյուջեի դեֆիցիտը՝ 3.5 տոկոս: Ի տարբերություն նախորդ տարիների, մյուս տարի աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում:

Մինչդեռ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը անթույլատրելի համարեց բյուջեի նախագծում 2.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ամրագրելու որոշումը՝ նշելով, որ այդ կերպ պարզապես կառավարությունը խթանում է արտագաղթը:

«Ինչո՞ւ ենք մենք պարտվողական թիվ դնում։ 2.2 տոկոս երևի նշանակում է պլյուս 120 կամ 130 հազար նոր արտագաղթող։ Եթե մենք 2 տոկոս աճ ունենք, չի բավարարում ռեսուրսը, աշխատուժի կիրառումը հանրապետության սահմաններից դուրս ավելի լավ է, քան հանրապետության սահմաններում։ Եվ միայն հիմարն է, որ եթե ճար չի մնում, մնում է հանրապետության սահմաններում։ Ստացվում է, որ անճարներն են մնում հանրապետությունում»,- ասաց պատգամավորը։

Բագրատյանն օրինակ բերեց այլ երկրներին՝ Թուրքիայից մինչև Ռուսաստան, Եվրամիությունից մինչև Միացյալ Նահանգներ՝ նշելով, որ աշխարհում հաջորդ տարի տնտեսական աճի առումով դրական միտումներ են ակնկալվում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը վատատեսական կանխատեսումներով է առաջնորդվում: Եթե ուզում եք տնտեսությունը աճի, ներդրումներ արեք, հորդորեց նախկին վարչապետը։

«Ներդրող պիտի լինի ժողովուրդը։ Մեր հիմնական պրոբլեմն այն է, որ 10 հոգի է ներդրում։ Մենք չենք թողնում, որ տնտեսությունը ցրվի, բոլորին հասնի, աշխատեն։ Ժողովրդի մեջ ինքնազբաղվածությունը 7 տոկոս է, պիտի լինի 45 տոկոս։ Տեղ չունեք, ձեր պարտությունը ավելի գլոբալ է, գլոբալ պարտվել է։ Եթե ստեղծել եք մոնոպոլ տնտեսություն, կանչեք, ամեն մեկի վզին հարկ դրեք ներդրումների իմաստով, ասեք՝ էսքան ներդրում կանես։ Չեք կարա»,- ասաց Բագրատյանը։

2016 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեցինք, թե արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ մյուս տարվա համար կառավարության կանխատեսումներն այնքան հոռետեսական են, որ անգամ իշխանությունն է հրաժարվում խոստումներ տալ։

«Խոստումներ տալը և չտալը բոլորովին չի նշանակում, որ վիճակը ծանր է։ Կարող է վիճակը լինել հոյակապ, բայց լրացուցիչ խոստումների ցանկություն չլինի։ Ինչո՞ւ եք ենթադրել, որ վարչապետի խոսքը նշանակում է՝ վիճակը ծանր է, դրա համար խոստումներ չեն տալիս»,- ասաց Սաֆարյանը։

«Մեր բյուջեն այնպիսին է, ինչպիսին է. հոյակապ, չքնաղ, շքեղ տերմինները բնորոշ չեն բյուջեին»,- մանրամասնեց փոխնախարարը։

«Ազատության» դիտարկմանը, որ երկրի վարչապետը բարեկեցությունը բարելավելու խոստում չի տալիս, արդյոք դա հոռետեսական ուղերձ չէ՞ հանրությանը, Սաֆարյանը արձագանքեց, թե դա իրատեսականություն է.- «Ես մամլո խոսնակ չեմ, ինձ հարցեր տվեք, հա՞»,- հավելեց նա։

Բյուջեի քննարկումներին մասնակցում էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն նա ելույթ չունեցավ, թեև համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին։ Մասնավորապես, նախարարին հարցրեցինք, թե արդյոք կոռուպցիա՞ն չէ, որ խոչընդոտում է ներդրումների ավելացմանն ու տնտեսության զարգացմանը: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանը կառավարության կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ է:

«Ոչ միայն կոռուպցիան է խոչընդոտը, շատ կոմպոնենտներ կան, որոնք խոչընդոտում են, մենք պատերազմող երկիր ենք։ Այո, իհարկե, նաև կոռուպցիան, բայց կառուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դուք պետք է նկատեք, որ փոփոխություններ կան»։

«Ձեր քննադատները նշում են, թե հնարավոր չէ տնտեսական մրցակցություն ապահովել՝ հաշվի առնելով, որ տնտեսական մենաշնորհներում ներգրավված են իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ անձինք լինեն այդ մենաշնորհներում և միաժամանակ պայքարեն տնտեսական մրցակցության համար». այս հարցին էլ ֆինանսների նախարարը պատասխանեց.- «Ես չգիտեմ՝ դուք ինչ նկատի ունեք։ Այն, ինչ դուք լրատվամիջոցներով տարածում եք ու հասարակությունը դրանք ընդունում է, որովհետև մեր և ձեր շնորհիվ հասարակությունը, որպես կանոն, վատ լուրերը ավելի լավ է ընդունում, քան դրական լուրերը, ինչպես բոլորս... իրատեսական [համարվող] շատ բաներ հորինված են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG