Մատչելիության հղումներ

Նրանց բողոքը Վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ է։

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) այսօր հինգ կալանավոր հացադուլ է սկսել, ևս երեքն էլ այդ ծայրահեղ քայլին էին դիմել նախորդ շաբաթավերջից։ Բոլորն էլ բողոքում են Վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումները չեն հիմնավորվում։

Վեց տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն արդեն չորրորդ օրն է՝ չի դադարեցնում հացադուլը։ Անկախ հանձնաժողովն անցած շաբաթ արդեն երկրորդ անգամ մերժեց նրա դիմումը։

Ավետիսյանը կնոջ՝ Մարգարիտա Բաղրամյանի հետ զրույցում նշել է, որ իրեն լավ է զգում։

«Թղթի վրա մենակ գրված է եղել՝ մերժում, ուրիշ ոչ մի բան։ Դե, ես դեմ եմ, որ ինքը նստել է [հացադուլի]։ Ասեցի՝ «դուրս արի», ասեց՝ «չէ՛, նստելու եմ»։ Բայց քանի օր կտևի՝ չգիտեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը թեև ընկերոջ պահանջն արդարացի է համարում, սակայն նրա հետ զրույցում հորդորել է դադարեցնել հացադուլը. - «Ես կառաջարկեի ընտրել պայքարի մի այլ ձև․․․ Ուղղակի չէի ուզի, որ վթարվեր առողջությունը: Եթե Վոլոդյա Ավետիսյանը մոտ օրերիս չդադարեցնի հացադուլը, անպայման նախաձեռնելու եմ մի ակցիա․ այս անգամ ստորագրահավաքը ուղղված է լինելու Վոլոդյային․ բազմաթիվ մարդիկ, հարյուրավոր մարդիկ հորդորելու են դուրս գալ հացադուլից»։

«Վոլոդյան կալանավայրում սպորտային ակումբ է ստեղծել, տարածքն է կանաչապատել», - փոխանցեց Սարուխանյանը՝ ընդգծելով, որ դա, սակայն, չի դիտվում որպես «լավ վարք և վաղաժամ ազատ արձակման հիմք»:

«Ես չէի կոչի էդ [դատապարտյալների բողոքները քննող] հանձնաժողովը անկախ, ես կկոչեի անկապ», - շարունակեց Սարուխանյանը։ - «Ոչ մի առնչություն չունի արդարադատության կամ ժողովրդավարության հետ։ Առաջին անգամ, օրինակ, Վոլոդյային այցելել էր այս հանձնաժողովից մեկ հոգի, 3 րոպե էր հետը խոսացել և այդ հիմքով գնացել էր և 12 հոգի էլ, ընդունենք 12 հոգի են, ասել էին՝ ոչ: Ինչո՞ւ, ի՞նչն եք հիմք վերցրել, որ ասել եք ոչ, ի՞նչ պետք ա էս մարդը հետագայում անի, որ այո լինի»։

Մինչև 2006 թվականը բանտարկյալը վաղաժամ ազատ էր արձակվում քրեակատարողական հիմնարկի առաջարկների և դատարանի որոշման համաձայն։ Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ներդրված անկախ հանձնաժողովը, սակայն, ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանի, իրեն չի արդարացնում․ - «Էդ անկախ հանձնաժողովի որոշումները որևէ կերպ բողոքարկման ենթակա էլ չեն և նույնիսկ որևէ կերպ չեն պատճառաբանվում, որովհետև էնտեղ ուղղակի քվեարկությամբ մարդիկ, չգիտեմ, ներքին ձայնով, թե ինչով են քվեարկում, որովհետև որևէ չափանիշ իրենց տրված չէ։ Քվեարկությամբ որոշում են, որ դու չես ազատվում՝ և դու չես ազատվում։ Որևէ ձև չկա դա շրջանցելու կամ բողոքարկելու»։

Քրեակատարողական վարչության տվյալներով, այս տարվա ինը ամիսների ընթացքում վաղաժամ ազատ է արձակվել դատապարտյալների մոտ 3.5 տոկոսը։ Ցածր ցուցանիշը վարչության աշխատակից Հովհաննես Մարգարյանը բացատրում է ոչ թե համակարգի անկատարությամբ, այլ դատապարտյալների վարքագծով:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նույն պահանջով հոկտեմբերի կեսին շուրջ 50 դատապարտյալ էր հացադուլ սկսել։ Կարճ ժամանակ անց նրանք դադարեցրին հացադուլը, սակայն դատապարտյալների գործերը այդպես էլ չվերանայվեցին։

«Կան ընթացակարգեր, կան ժամկետներ․․․ Անկախ հանձնաժողովի որոշումից երեք ամիս հետո նորից հիմնարկի վարչակազմը լսում ա հարցը, ներկայացնում ա: Ընթացակարգը չի փոխվի՝ անկախ հանգամանքից՝ ինքը հացադո՞ւլ ա հայտարարել, թե՞ ինքնավնասման փորձ ա արել», - պարզաբանեց Մարգարյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ «Վարդաշեն»-ում հացադուլ սկսած դատապարտյալները տեղափոխվել են առանձնացված խցեր և բժիշկների հսկողության տակ են։

XS
SM
MD
LG