Մատչելիության հղումներ

Հայաստանը մտադիր է ընդլայնել իր խաղաղապահ առաքելությունների աշխարհագրությունը


Հայ խաղաղապահների զորավարժությունները Հայաստանում, սեպտեմբերի, 2015 թ․

Հայ խաղաղապահների զորավարժությունները Հայաստանում, սեպտեմբերի, 2015 թ․

Հայաստանն այսօր խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի չորս երկրներում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում:

«Մենք հիմա [խաղաղապահ առաքելությունների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ] ակտիվ կերպով աշխատում ենք ՄԱԿ-ի խաղաղապահության տնօրինության հետ: Քանի որ խաղաղապահությունը ինքնին, որպես այդպիսի երևույթ, ևս ձևափոխումների է ենթարկվում, և առաջ են գալիս նոր պահանջներ խաղաղապահ գործողությունների», - լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Հայաստանն այսօր խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի չորս երկրներում՝ Կոսովոյում (35 զինվորական), Աֆղանստանում (56 զինվորական), Լիբանանում (32 զինվորական) և Մալիում (1 զինվորական)՝ ընդհանուր թվով 124 զինվորականների մասնակցությամբ: Ընդ որում, Կոսովոյում ու Աֆղանստանում հայ խաղաղապահ զորամիավորումները գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, իսկ Լիբանանում և Մալիում՝ ՄԱԿ-ի:

«Հաջորդը ենթադրաբար պետք է լինի Մալին, որովհետև ունենք մեկ շտաբային սպայի մասնակցություն: Բայց առայժմ այնտեղ շարունակվում են մեր քննարկումները և բանակցությունները և՛ ՄԱԿ-ի, և՛ այլ գործընկերների հետ, որպեսզի կարողանանք գտնել ճիշտ այն ոլորտը և ունենալ այն կարողությունները, որ մեզ հնարավորություն կտան մասնակցել նաև այլ գործողությունների», - նշեց Մկրտչյանը:

Սեպտեմբերին Դուշանբեում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դաշինքում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի մեծացումը՝ առաջարկելով կազմակերպության խաղաղապահների պատրաստման համար ստեղծել հատուկ կենտրոն:

Հարցին, թե արդյոք գագաթանաժողովում խոսվել է նախևառաջ հետխորհրդային տարածքում ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին, Սամվել Մկրտչյանն արձագանքեց․ - «Նման գաղափար չի քննարկվել և նման գաղափար ըստ էության, բովանդակային առումով չի կարող միանշանակ հավանության արժանանալ․․․ նաև ՀԱՊԿ-ի անդամ երկրների կողմից»:

ՀԱՊԿ-ի այդ գագաթնաժողովին զուգահեռ մամուլը սկսեց ավելի ակտիվորեն գրել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավարության մասին:

Այս առնչությամբ Մկրտչյանն ասաց․ - «Բայց դրանք միայն մամուլում ենթադրություններ էին, որոնք փաստական առումով որևէ հիմնավորում և որևէ ապացուցում չստացան»:

XS
SM
MD
LG