Մատչելիության հղումներ

Որոնողական խմբերը կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժի 12 խոշոր հատվածներ են հայտնաբերել


Եգիպտոս - Որոնողական խմբերը A321 օդանավի կործանման վայրում, 2-ը նոյեմբերի, 2015թ.

Եգիպտոս - Որոնողական խմբերը A321 օդանավի կործանման վայրում, 2-ը նոյեմբերի, 2015թ.

Որոնողական խմբերը A321 օդանավի կործանման վայրում ինքնաթիռի ֆյուզելյաժի 12 խոշոր հատվածներ են հայտնաբերել։ Այդ մասին հայտնում է «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ագաֆոնովին։

«Այսօր առավոտյան 6։30-ից 84 մարդ բարձր անցանելիության մեքենաներով սկսել են որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել են ֆյուզելյաժի 12 խոշոր հատվածներ և անձնական իրեր։ Այժմ քննարկվում է այդ իրերը Կահիրե տեղափոխելու հարցը», - ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռի կործանման վայրում այս պահին ավելի քան 100 փրկարարներ են աշխատում։ Նրանք հետազոտություն են անցկացնում մոտ 20 քառակուսի կիլոմետր մակերեսով։ «Չորս որոնողական խմբեր են աշխատում ինքնաթիռի կործանման վայրում», - ասել է Ագաֆոնովը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հանձնարարել է մինչև օրվա վերջ ավարտին հասցնել որոնողական աշխատանքները։

Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ հանգստավայրից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող ռուսաստանյան «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավը, հիշեցնենք, կործանվեց հոկտեմբերի 31-ին՝ Սինայի թերակղզում։ Աղետի զոհ դարձավ 224 մարդ՝ այդ թվում 25 երեխա։ Զոհվածների մարմիններն այս գիշեր տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG