Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ պատվիրակության ղեկավարը վստահ է, որ ԵՄ-Հայաստան նոր բանակցությունները «չեն խափանվելու երրորդ ուժերի պատճառով»


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ․

«Ազատություն». - Ողջույն, պարոն դեսպան, բարի գալուստ մեր բյուրո և շնորհակալություն Ձեր ժամանակը մեզ հատկացնելու համար: Առաջին հարցը, որ կցանկանայի Ձեզ տալ, վերաբերում է այս ամիս ավելի վաղ տեղի ունեցած մի շատ դրական նորության․ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հատուկ մանդատ տվեց Եվրահանձնաժողովին` Հայաստանի հետ նոր իրավական հիմքերի շուրջ բանակցություններ վարելու համար: Պարո՛ն դեսպան, ի՞նչ կարող ենք ակնկալել այս բանակցություններից, արդյո՞ք սա լինելու է Եվրամիության հետ Ասոցիացման նախկին համաձայնագրի ավելի թեթևացված տարբերակ, կամ ներառելո՞ւ է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ինչ-ինչ բաղադրիչներ: Ի՞նչ է սա:

Սվիտալսկի. - Շնորհակալություն, բարի երեկո: Նախ` շնորհակալություն հրավերի համար։ Ես ուրախ եմ այստեղ գալու և այս թեմայով զրույց վարելու համար: Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ Հայաստան գալը համընկավ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու որոշման ընդունմանը: Հույս ունեմ, որ այս համաձայնագիրը շուտով վերջնական տեսքի կբերվի, և հույս ունեմ, որ այն նոր էջ կբացի մեր հարաբերություններում:

Դեռևս չափազանց վաղ է ասել, թե բանակցություններն ինչ արագությամբ կընթանան և ինչ բովանդակություն կունենան: Մենք սկսում ենք` որպես հիմք ունենալով այն փոխըմբռնումը, որ նոր համաձայնագիրը հաշվի է առնելու նոր զարգացումները և մասնավորապես այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ մեկ այլ տնտեսական ինտեգրացիոն գործընթացի մաս է կազմում:

Այդուհանդերձ, ես նոր համաձայնագիրը Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ավելի թեթև տարբերակ չէի անվանի: Ազատ առևտրի համաձայնագիրը հիմնված էր այլ տրամաբանության վրա` դա տնտեսությունների մերձեցման տրամաբանությունն էր, որը ենթադրում էր, որ համաձայնագիրը կնքող երկրները ավելի են մոտենալու Եվրամիությանը, այդ թվում` իրենց տնտեսական և առևտրային հարաբերություններում:

Բայց մենք նաև կարծում ենք, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը Եվրամիության և Հայաստանի միջև տարված բանակցությունների քաղաքական բաղադրիչը պետք է անփոփոխ մնա և այս առումով` քաղաքական` ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին առնչվող հարցերում չի կարելի խոսել «թեթև» տարբերակի մասին: Մենք հիմք ենք ընդունելու արդեն համաձայնեցված փաստաթուղթը և, հուսամ, ընդունելու ենք դա առանց երկար բանակցությունների:

Բնականաբար, բոլորովին այլ իրավիճակ է առևտրային և տնտեսական հարաբերությունների պարագայում: Մենք չենք կարող բանակցել մաքսային դրույքաչափերի շուրջ, մենք չենք կարող քննարկել այն ոլորտներին առնչվող թեմաներ, որոնք այժմ, հաշվի առնելով Հայաստանի առջև հառնած նոր իրավիճակը, վերապահվել են այլ կառույցի: Այդուհանդերձ, կուզենայի ընդգծել, որ մենք պետք է նոր համաձայնագիրը դիտարկենք որպես շատ կարևոր քաղաքական զարգացում, որը պետք է դառնա Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների հատակը, այլ ոչ թե առաստաղը: Մենք պետք է դա դիտարկենք որպես մեր հարաբերությունները հարստացնելու և ավելի արդյունավետ դարձնելու ցատկահարթակ:

«Ազատություն». - Պարո՛ն դեսպան, մտահոգություններ կամ անհանգստություններ չկա՞ն արդյոք, որ Եվրամիության հետ մերձենալու այս փորձը ևս կարող է ձախողվել որևէ անսպասելի աշխարհաքաղաքական կամ քաղաքական այլ իրադարձության պատճառով, ինչպես եղավ 2013-ի սեպտեմբերին: Ինչպես գիտենք` սեպտեմբերի 3-ին Հայաստանը, տեղի տալով Ռուսաստանի ճնշմանը, ինչպես պնդում են որոշ պաշտոնյաներ, մեծ ճնշումների ենթարկվելով, հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ համաձայնագիրը: Դուք վստա՞հ եք, որ նույնը չի կրկնվի նաև այս անգամ:

Սվիտալսկի. - Եվրամիությունը բանակցությունները վարում է բարեխղճորեն: Երբ մենք բանակցություններ ենք նախաձեռնում, մեր նպատակը դրանք հաջողությամբ ավարտին հասցնելն է: Այս հարցում մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: Ոչ այժմ, ոչ էլ նախկինում Եվրամիությունը չի փորձել որևէ բան փաթաթել Հայաստանի կամ ցանկացած այլ գործընկերոջ վզին:

Այնուամենայնիվ, անցած անգամվա փորձից դասեր քաղվել են, և ես հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանի իշխանությունները գիտակցում են իրենց մանևրելու լուսանցքը, գիտակցում են, թե կոնկրետ ինչ շրջանակներում կարող են համագործակցել Եվրամիության հետ, և ես հույս ունեմ, որ այն ամենը, ինչի շուրջ մենք բանակցում ենք, հիմնված է լինելու Հայաստանի սուվերեն որոշման վրա: Այնպես որ, այո՛, ես բավական վստահ եմ, դատելով անձամբ իմ ստացած ազդանշաններից` հիմնվելով նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և այլ նախարարների հետ հանդիպումների վրա, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին և պատրաստ է հնարավորինս շուտ ավարտին հասցնել դրանք:

Դրանք են այն մեսիջները, որ ես ստացել եմ, և ես հավատում եմ դրանց անկեղծությանն ու հույս ունեմ, որ այս անգամ մենք ոչ միայն բանակցելու և համաձայնեցնելու ենք համաձայնագիրը, այլ նաև ընդունելու և կյանքի ենք կոչելու այն:

«Ազատություն». - Մենք նույնպես հույս ունենք, սակայն անցյալի իմ փորձը այլ բան է հուշում: Գրեթե նույնատիպ իրավիճակ էր, մենք գրեթե ամբողջովին պատրաստ էինք, Եվրամիության պաշտոնյաները շատ վստահ էին, սակայն վերջնական արդյունքը աղետալի էր: Ես հիշում եմ դա:

Մեկ այլ հարց` մենք ազդակներ ստացե՞լ ենք, որոնք կհուշեին, թե Ռուսաստանն ինչ դիրքորոշում ունի կոնկրետ Հայաստանի հետ այս հարաբերությունների հարցում: Ի վերջո, սա նոր ստեղծված բանաձև է, որով Արևելյան գործընկերության մաս կազմող երկիրը մերձեցնում է հարաբերությունները Եվրամիության հետ մեկ այլ տիպի իրավական շրջանակի հիման վրա: Սա կարո՞ղ է փորձնական դեպք դառնալ Եվրամիության այլ գործընկեր երկրների համար, և կա՞ արդյոք որևէ նշան, թե Ռուսաստանը խանդով չի վերաբերվում սրան:

Դուք այս հարցով` Հայաստանի հետ հարաբերությունների հարցով, նրանց հետ պաշտոնական քննարկումներ ունեցե՞լ եք: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, եթե ռուսները դեմ չեն, այս համաձայնագիրը կարող է կյանքի կոչվել, սակայն եթե նրանք դրան ընդդիմանան, չեմ կարծում, որ սա գլուխ կգա: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Սվիտալսկի. - Ես վստահ եմ, որ այս բանակցությունները չեն խափանվելու երրորդ ուժերի` այսպես ասենք` բացասական ներգրավվածության պատճառով: Ես կարող եմ կրկնել այն, ինչ կարդացել եմ հայկական թերթերում, լրատվամիջոցներում, որոնք մեջբերել են Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարի խոսքերը, ինչպես նաև իմ գործընկերոջ` Երևանում Ռուսաստանի դեսպանի խոսքերը, որոնք շատ հստակ էին և որոնցից պարզ էր դառնում, որ Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության և Հայաստանի միջև կապերի խորացմանը, և Ռուսաստանը դեմ չէ Եվրոպական միության և Հայաստանի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններին: Սրանք շատ հստակ հայտարարություններ էին, և կարծում եմ՝ Ռուսաստանի շահերից էլ է բխում, որ Հայաստանը հնարավորինս շատ ընկերներ ունենա: Եվրամիությունը Հայաստան է գալիս որպես բարեկամ, մենք Հայաստանում ամենախոշոր դոնորն ենք, մենք Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան ենք, մենք ամենամեծ արտաքին ներդրողն ենք Հայաստանում, և շատ բնական է, հաշվի առնելով Եվրամիության դերը հայաստանյան տնտեսությունում, որ մենք ցանկանում ենք մեր հարաբերությունները դնել հաստատուն պայմանագրային հիմքերի վրա: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս անգամ մենք կխուսափենք բարդություններից ու անսպասելի շրջադարձերից:

«Ազատություն». - Փաստորեն Բրյուսելի և Մոսկվայի միջև ուղղակի բանակցություններ չե՞ն տարվում Հայաստանի վերաբերյալ, թե՞ Դուք չեք կարող դա բացահայտել:

Սվիտալսկի. - Եվրամիության քաղաքականությունն է` ուղիղ բանակցությունների մեջ մտնել մեր գործընկերների հետ: Մենք սովորություն չունենք երրորդ կողմերի հետ քննարկել մեր երկկողմ պայմանագրերն ու համաձայնագրերը: Դա սկզբունքային հարց է, և մենք չենք կարող թույլ տալ, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին երրորդ ուժեր մասնակցեն: Հետևաբար` մենք կարող ենք ունենալ միայն այն, ինչի մասին ես խոսեցի և դա, իմ կարծիքով, բավարար է:

«Ազատություն». - Պարո՛ն դեսպան, որո՞նք են բանակցությունների սեղանին դրված այս նոր գործարքի դրական կողմերը: Խնդրում եմ հնարավորինս կոնկրետ բացատրել, թե ի՞նչ կշահի, օրինակ, շարքային հայաստանցին Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու արդյունքում: Արդյո՞ք դրա արդյունքում ավելի շատ աշխատատեղեր կբացվեն, կընդլայնվեն հնարավորությունները կրթության, առողջապահության ոլորտում կամ ինչ-որ այլ առավելություններ ի հայտ կգան: Ի՞նչ կասեք, պարոն դեսպան:

Սվիտալսկի. - Համաձայնագիրը ինչ-որ կախարդական փայտիկ չէ: Համաձայնագրում չկա ոչ մի բան, որը կախարդանքով` մեկ գիշերում կփոխի հայաստանցիների կյանքը: Չկա նման բան, և Դուք դա շատ լավ գիտեք:

«Ազատություն». - Ես պարզապես տալիս եմ այս հարցը շարքային քաղաքացու տեսանկյունից: Ես գիտեմ, որ նրանք կցանկանային, որ ես Ձեզ այդպիսի հարց տամ, ահա թե ինչու եմ հարցնում: Եթե կա ինչ-որ կոնկրետ բան, որը Դուք կարող եք հրապարակել, խնդրում եմ` արեք դա:

Սվիտալսկի. - Ես չեմ կարող հրապարակել որևէ բան, որովհետև մենք դեռ չենք սկսել բանակցությունները: Այն, ինչ մենք արել ենք` նախապատրաստվելով այս բանակցություններին, կոչվում է` «ոլորտների ճշգրտման վարժություն», ինչը նշանակում է, որ մենք ուսումնասիրել ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը` այն տեսանկյունից, թե ինչը կարելի է պահպանել` հաշվի առնելով նոր իրադրության առանձնահատկությունները, և ինչպես ասացի` նոր համաձայնագիրը հարաբերությունների հստակ պայմանագրային հիմք չի առաջարկելու: Այն կարևոր կլինի քաղաքական առումով, դա կարևոր քաղաքական ազդանշան կլինի, բայց այն նաև կօգնի Եվրամիությանը` զարգացնելու իր համագործակցությունը Հայաստանում ավելի արդյունավետ կերպով, թերևս նաև ավելի մեծ ծավալների հասցնելով այն, և դա կարևոր է հայաստանցիների համար, դա կարևոր կլինի նրանց կյանքի տարբեր ասպարեզներում՝ սկսած Հայաստանի իշխանությունների հետ երկկողմ ծրագրերից, որոնք ուղղված կլինեն ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի հզորացման, հանրային վարչարարության բարելավմանը։ Եվ ի վերջո՝ այս ամենը իր ազդեցությունը կթողնի յուրաքանչյուր հայաստանցու առօրյա կյանքի վրա: Դրանից է կախված, թե քաղաքացին ինչ վերաբերմունքի կարժանանա դատարանում, որքանով են պաշտպանված նրա իրավունքները Հայաստանում:

Դառնալով հարցի տնտեսական կողմին` այո, մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ բարելավելու համար օտարերկրյա ներդրումների պայմանները Հայաստանում, մենք ցանկանում ենք, որ Հայաստանի գործարար միջավայրը նոր հնարավորություններ առաջարկի թե՛ հայաստանցիներին և թե՛ նաև եվրոպացիներին, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել Հայաստանում: Եթե մենք հաստատուն պայմանագրային հարաբերություններ ունենանք, ես հույս ունեմ, որ դա խթան կհանդիսանա օտարերկրյա ներդրողների համար, դա կխրախուսի պոտենցիալ բիզնես գործընկերներին և նույնիսկ միջազգային կազմակերպություններին, որպեսզի ավելի սերտորեն համագործակցեն Հայաստանի հետ: Բայց ես չեմ կարող կոնկրետ, չափելի ցուցանիշներ մատնանշել, որոնք կարող ենք ունենալ համաձայնագրի ստորագրման դեպքում, քանի որ սա իրավական և քաղաքական փաստաթուղթ է, որտեղ չկան այնպիսի դեղատոմսեր, որոնք մեկ օրում կբարելավեն հայաստանցիների կյանքը: Սակայն երկարաժամկետ հեռանկարում սա կօգնի հայաստանցիներին արդիականացնելու երկիրը, ինչն էլ իր հերթի կբարելավի բոլորի կյանքը:

«Ազատություն». - Պարո՛ն դեսպան, անցած ամիս ես Երևանում զրուցեցի ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ամերիկացի դիվանագետը խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին, նշելով, որ իրենք Հայաստանի իշխանություններից ակնկալում են ոչ միայն խոսքեր, այլ նաև կոնկրետ քայլեր:

Այնուհետև նրա այդ խոսքերին արձագանքեցին հայաստանյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, նշելով, որ սա պարզապես ամերիկացի դիվանագետի անձնական կարծիքն է, որը չի արտացոլում ԱՄՆ-ի դիրքորոշումը: Այսպիսի մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ նրանք չեն ողջունում նմանատիպ հայտարարությունները:

Ի՞նչ կարող եք Դուք ասել, նկատի չունեմ` հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները, այլ թե` որքանո՞վ եք Դուք կարևորում կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում: Եթե դա կարևոր է, ապա արդյոք այն արտացոլվելո՞ւ է Եվրամիության հետ նոր կնքվելիք շրջանակային համաձայնագրում: Կարո՞ղ եք խոսել այս խնդրի` կոռուպցիայի մասին, քանի որ սա մի թեմա է, որը վերաբերում է բոլորին այս երկրում և կարծում եմ` նաև Ձեզ, պարո՛ն դեսպան:

Սվիտալսկի. - Շնորհակալություն հարցի համար: Ես համաձայն եմ Ձեր հարցի հիմքում ընկած ձևակերպմանը` կոռուպցիայի դեմ պայքարը անհավատալիորեն կարևոր է, բայց եկեք հստակեցնենք` չկա այնպիսի եվրոպական երկիր, համայնք, որտեղ կոռուպցիա չլինի: Եթե հետ նայենք անցած 5 տարիներին, կտեսնենք, որ մի քանի եվրոպական կառավարություններ տապալվեցին կոռուպցիոն սկանդալների պատճառով: Մի քանի նախարարների, անգամ վարչապետների մեղադրանքներ են ներկայացվել կոռուպցիոն սկանդալների հետ կապված: Այնպես որ` սա միայն Հայաստանին վերաբերող հարց չէ, այս խարանը կրում են շատ ուրիշ երկրներ, սակայն ամենավատ բանը ժխտողականությունն է: Եթե երկիրը, հասարակությունը պնդում են, որ կոռուպցիան իրենց չի վերաբերում, այդ ժամանակ մենք իսկապես լուրջ խնդիր ունենք:

Հայաստանի հետ կապված՝ ես լավատես եմ, այն առումով, որ մենք ունենք փաստաթղթեր, բավական լավ փաստաթղթեր, ունենք ռազմավարություն, այժմ արդեն ունենք նաև որոշումներ` կոռուպցիայի դեմ պայքարող մարմին ստեղծելու մասին: Բայց պետք է մեկ բան հասկանանք` այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ կարելի է արդյունավետ պայքարել, եթե դա արվում է վերևից ներքև:

Խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել` սկսելով ներքևի աստիճանից և բարձրանալով վերև, սակայն կոռուպցիան այն խնդիրներից է, որոնց լուծումը հարկավոր է սկսել վերևից, այլապես ոչինչ չի ստացվի:

Մենք, որպես Եվրոպական միության ներկայացուցչություն, շուտով հանդիպում ենք ունենալու Հայաստանի իշխանությունների հետ` կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ քայլեր քննարկելու համար: Մենք քննարկելու ենք կոռուպցիան արդարադատության համակարգում` շուտով նախատեսվում է հանդիպում արդարադատության նախարարի հետ: Իմ առաջին հանդիպումը արդարադատության նախարարության հետ մեծ հույսեր է ներշնչել: Իսկ առաջիկայում մենք մի սեմինար ենք անցկացնելու, որտեղ ես խոսելու եմ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Իհարկե, մեզ նախևառաջ անհրաժեշտ է ընտրություն կատարել: Դա դժվար է, սակայն գիտե՞ք ինչ` ես լեհ եմ, և ես կարող եմ անկեղծորեն ասել` Լեհաստանը 25 տարի առաջ նույնպես թաղված էր կոռուպցիայի մեջ, և մենք մինչև այժմ էլ ամբողջությամբ չենք հաղթահարել այս խնդիրը, սակայն եթե դուք նպատակասլաց եք, եթե դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, եթե դուք սկզբունքային եք, կարող եք հստակ արդյունքների հասնել: Լեհաստանը, իմ կարծիքով, ցույց է տվել, որ կոռուպցիան կարելի է արմատախիլ անել: Դա չի նշանակում, որ մենք բավարարված ենք արդյունքներով, մեր հասարակությունը շարունակում է խստորեն քննադատել նման երևույթները, սակայն կարևորը գիտակցումն է, որ գոյություն ունի խնդիր և հարկավոր է միավորել ջանքերը այն հաղթահարելու համար:

Եվրոպական միությունը օգնության ձեռք է մեկնել: Մենք որևէ բան չենք պարտադրում, մենք առաջարկում ենք ֆինանսական աջակցություն, մենք առաջարկում ենք փորձ և կոռուպցիան հաղթահարելու գործնական միջոցներ:

Ես համաձայն եմ, որ կոռուպցիան սարսափելի բան է, որը ոչնչացնում է քաղաքական համակարգը, կործանում է տնտեսական համակարգը և անգամ բուն հասարակությունը, քանի որ այն քայքայում է մարդկային կապիտալի վստահությունը: Այդ իսկ պատճառով, եթե այս ոլորտում բեկում չարձանագրվի, դուք չեք կարող ակնկալվող արդյունքներին հասնել տնտեսական, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված և այլ բարեփոխումների արդյունքում:

Հավելեմ նաև, որ ցանկացած հասարակության համար ամենավատ բանը այն իրավիճակն է, երբ հասարակությունը սկսում է մտածել, որ կոռուպցիայի դեմ ոչինչ հնարավոր չէ անել: Անտարբերությունը սարսափելի խնդիր է: Դա համեմատելի չէ անգամ մարդկային էության թուլության հետ, որի պատճառով միշտ իշխանության ղեկին հայտնվում են մարդիկ, անգամ ամենաբարձր պաշտոններում, ում գայթակղում է հեշտությամբ գումար կորզելու հնարավորությունը: Ո՛չ, ամենասարսափելին այն է, երբ հասարակ մարդիկ սկսում են մտածել, որ դրա դեմն առնել հնարավոր չէ և միակ տարբերակը դա ընդունելն ու դրա հետ հաշտվելն է: Բայց ես հույս ունեմ, որ հայ հասարակությունը հեռու է դրանից, և մեզ հետ` Եվրոպական միության և այլ բարեկամ պետությունների հետ համագործակցությամբ, մենք կարող ենք բեկում արձանագրել: Սա մեզ համար առաջնահերթություն է:

Կոռուպցիայի դեմ պայքարը, և դրանում գաղտնիք չկա` Հայաստանի իշխանությունները գիտեն դա, մեր գործընկեր հասարակական կազմակերպությունները գիտեն դա, մեր առաջնահերթ խնդիրներից է, և դա նաև այստեղ` Հայաստանում իմ անձնական առաջնահերթություններից է:

«Ազատություն». - Պարո՛ն դեսպան, երբեմն քննադատություններ են հնչում կառավարության ստեղծած հակակոռուպցիոն մարմնի հասցեին: Մարդիկ ասում են, որ հակակոռուպցիոն պայքարը պետական պաշտոնյաներին վստահելը չի կարող արդյունավետ լինել, քանի որ մարդիկ համարում են, որ հենց պետական պաշտոնյաներն են կոռուպցիայի աղբյուրը կամ հենց նրանք են կոռուպցիայի ռիսկի տակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Դուք այս թեմայով զրույցներ ունենո՞ւմ եք հայաստանյան պաշտոնյաների հետ, ինչի՞ մասին եք խոսում: Մենք գիտենք, որ Եվրամիությունը Հայաստանում աջակցություն է ցուցաբերում տարբեր ծրագրերի, այդ թվում այս հակակոռուպցիոն նախաձեռնությանը, այնպես չէ՞:

Սվիտալսկի. - Բանն այն է, որ մեզ հարկավոր է դաշինք կնքել բոլոր հնարավոր ուժերի հետ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը հաջողության հասնի: Այդ իսկ պատճառով, մենք պետք է աշխատենք կառավարության, քաղաքացիական հասարակության, կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մենք պետք է աշխատենք բոլոր նրանց հետ, ում մտահոգում է Հայաստանի ապագան: Եվ ես վստահ եմ, որ դա հնարավոր է:

Ես արդեն հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ պետական պաշտոնյաների հետ, ովքեր խիստ մտահոգված են այս հարցով: Ինչպես ավելի վաղ նշեցի` ես նաև հանդիպումներ եմ ունենում մի շարք սեմինարների, կոնֆերանսների շրջանակում: Եվ ես կարծում եմ, որ նրանց արտահայտած մտահոգություններն անկեղծ են:

Երբ Հայաստանի ապագան դիտարկում ես երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից, անհրաժեշտ է քննադատական մոտեցում որդեգրել: Եվ ինչպես ասացի` այստեղ կարևոր է լայն համագործակցությունը: Անհրաժեշտ է համագործակցել հայաստանցիների հետ, ովքեր ներգրավված են կառավարության, քաղաքացիական հասարակության, կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր աստիճաններում։ Մենք պետք է համագործակցենք հասարակության բոլոր շերտերի հետ: Եվ մեզ նաև անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ եվրոպական կազմակերպությունների աջակցությունն այս հարցում, քանի որ, իմ կարծիքով, մենք կարող ենք առաջարկել այնպիսի փորձ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Եվրոպական որոշ երկրներ ոչ միայն արդեն իսկ անցել են այս ճանապարհը, այլ ստիպված են եղել հաղթահարել կոռուպցիայի ավելի մեծ մարտահրավերներ, քան այն, ինչ կա Հայաստանում: Եկեք օգտագործենք այս փորձը, և ես վստահ եմ, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով:

Սակայն մենք պետք է ունենանք այն կրիտիկական զանգվածը, որը համոզված կլինի` սկսած իշխանության ամենավերին օղակներից, որ սա մի խնդիր է, որին հակազդելու համար անհրաժեշտ է խիստ քայլեր ձեռնարկել:

«Ազատություն». - Պարո՛ն դեսպան, դառնանք մարդու իրավունքների խնդրին և ժողովրդավարությանը: Ես գիտեմ, որ սրանք ձեր օրակարգի կարևորագույն հարցերն են, և Եվրամիության հետ այս նոր ասոցիացումը կամ ինչ էլ որ դա կոչվի ապագայում` իրավական շրջանակ և այլն, դրա կարևորագույն բաղադրիչներն են նաև այս հարցերը: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ համաձայնագրի կնքումից հետո Եվրամիությունը ուշադրությամբ դիտարկելու է զարգացումներն այս ոլորտներում և եթե ինչ-որ բան այնպես չընթանա, արտահայտելու է իր անբավարարվածությունը: Դուք ունե՞ք այնպիսի լծակ, որը թույլ կտա ներազդել Հայաստանի իշխանությունների վրա այս անչափ կարևոր հարցերում` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն:

Եվ ասացեք խնդրեմ, եթե այս համաձայնագրում չկա որևէ տնտեսական բաղադրիչ, ինչը կար Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի պարագայում, ինչպե՞ս եք կարողանալու ստիպել Հայաստանի իշխանություններին հարգել այս խիստ կարևոր համաձայնագիրը:

Սվիտալսկի. - Ես կցանկանայի ընդգծել, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության վիճակի, օրենքի գերակայությանն առնչվող հարցերով մենք արդեն իսկ վարում ենք շատ անկեղծ, բաց երկխոսություն Հայաստանի իշխանությունների հետ:

Ես կարող եմ Եվրամիության անունից ասել, որ մենք շատ հստակ մեսիջներ ենք հղել, և ես կարծում եմ, որ այդ մեսիջները շատ անկեղծ պատասխանների են արժանացել հայկական կողմից:

Ես հանդիպումներ եմ ունեցել պետական պաշտոնյաների հետ, ես հանդիպել եմ օմբուդսմենի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին իմ պատկերացումները կազմել եմ՝ հիմնվելով տարբեր կողմերից ստացված այս տեսակետների վրա:

Ուզում եմ ասել` մենք արդեն իսկ անկեղծ երկխոսություն ենք վարում, և ես հույս ունեմ, որ նոր շրջանակային համաձայնագրի իրականացման ընթացքում մենք կխորացնենք այդ երկխոսությունը: Այս հարցերում մենք հայկական կողմի հետ շատ անկեղծ ենք:

Այլ հարց է, թե ինչ և ինչպես պետք է անել իրավիճակը բարելավելու համար: Այստեղ, թերևս, քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ համաձայն չեն իշխանությունների հետ, սակայն պետք է ասեմ, որ Եվրոպական միությունը այս հարցում հստակ պատասխանատվություն է ստանձնել. մենք շուտով տալու ենք մարդու իրավունքների աջակցության մեծ ծրագրի մեկնարկը Հայաստանի կառավարության հետ, և հույս ունեմ, որ իշխանությունները կօգտագործեն այս հնարավորությունը բարեփոխումների խորացման համար:

Այստեղ բարելավելու ենթակա շատ բան կա: Դրանց թվում է, օրինակ, արդարադատության համակարգի գործունեությունը, ինչը շատ կարևորվում է Եվրամիության կողմից: Արդարադատության համակարգը ամեն ինչի հիմքն է` քաղաքական արդարության, տնտեսական արդարության և սոցիալական համերաշխության: Եվ այս առումով մենք, ինչպես արդեն ասացի, պատրաստ ենք աշխատել արդարադատության նախարարության և այլ բաղադրիչների` դատարանների և այլ մարմինների հետ, որպեսզի բարելավենք իրավիճակը: Հայաստանը չի կարող մեծ առաջընթաց արձանագրել` առանց վերականգնելու հավատը արդարադատության համակարգի նկատմամբ:

Կան այլ բաղադրիչներ, որոնք մեզ համար շատ կարևոր են: Օրինակ` խտրականության բացառման հարցը, գենդերային հավասարության հարցը: Սրանք շատ կարևոր են Եվրոպական միության համար, և մենք աշխատելու ենք քաղաքացիական հասարակության, իշխանությունների հետ, որպեսզի հասնենք փոփոխությունների:

Եկեք անկեղծ լինենք` Հայաստանը դրական ճանապարհ է անցել, շոշափելի առաջընթաց արձանագրվել է, բայց մենք գիտենք, որ կան թերություններ, և պատրաստ ենք, որպես բարեկամ և գործընկեր, օգնել Հայաստանին բարելավելու իրավիճակը:

Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ եթե ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտները լավ վիճակում լինեն, Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ապագան պայծառ կլինի` անկախ այն բանից, թե Հայաստանը ինչ քաղաքական, տնտեսական միությունների է անդամակցում: Որովհետև մեզ համար հարաբերությունների իրապես կարևոր բաղադրիչը ընդհանուր արժեքների առկայությունն է: Դատելով Հայաստանի առաջնորդների հետ իմ զրույցներից՝ կարող եմ եզրակացնել, որ Հայաստանը ցանկանում է Եվրամիության հետ հարաբերություններ կառուցել՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Եվ դա շատ բնական է, քանի որ հայերը օրգանապես եվրոպացիներ են, նրանք ընդունում են այն արժեքները, որոնք ընկած են Եվրոպական մեծ ընտանիքի հիմքում: Հայաստանը եվրոպական քաղաքակրթության օրրաններից է եղել, և երբ ասում եմ՝ օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, ես գիտեմ, որ հայաստանցիները ինձ շատ լավ են հասկանում, մենք նույն արժեքներն ունենք: Այլ բան է, թե ինչպես կարելի է անել, որ այդ արժեքները ամենօրյա գործածության մեջ դրվեն: Եվ ես կարծում եմ, որ մենք այստեղ առաջընթաց կարձանագրենք:

Մենք, որպես Եվրոպական միություն, հավատարիմ ենք մեր հանձնառությանը` այդ հարցում օգնելու Հայաստանին:

«Ազատություն». - Շնորհակալություն, պարո՛ն դեսպան, շնորհակալ ենք մեր ստուդիա գալու համար: Ինչ-որ հատուկ ուղերձ ունե՞ք փոխանցելու` որպես նորանշանակ դեսպան:

Սվիտալսկի. – Կարող եմ ասել, որ մինչ այժմ ինձ ընդունել են անսովոր ջերմությամբ և բարեկամաբար, և ես այս ջերմությունը շատ բարձր եմ գնահատում: Հայերը շատ հյուրասեր են և ընկերաբար են տրամադրված, ես դրանից մեծ բավականություն եմ ստանում և հույս ունեմ, որ կկարողանամ դա փոխհատուցել տքնաջան աշխատանքով` ամրացնելով կապը Եվրոպական միության և Հայաստանի միջև:

Ես վստահ եմ, որ չնայած անցյալի տարբեր զարգացումներին, դա հնարավոր է անել, և ես մտադիր եմ դա անել:

Հավատացեք ինձ` Եվրամիությունն այստեղ միայն դրական օրակարգ ունի: Մենք ցանկանում ենք օգնել, առանց հետին մտքերի: Մենք թաքնված օրակարգ չունենք Հայաստանում, մենք ուզում ենք, որ հայաստանցիներն իրենց Եվրոպական մեծ ընտանիքի մաս զգան:

«Ազատություն». - Շնորհակալություն, պարոն դեսպան:

Սվիտալսկի. - Շնորհակալություն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG