Մատչելիության հղումներ

Բացահայտվել է Եղեգնաձորում 91-ամյա կնոջ սպանությունը


Քննչական կոմիտեի հաղորդմամբ, բացահայտվել է Եղեգնաձորում 91-ամյա կնոջ սպանությունը: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա երիտասարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վայոց Ձորում մի քանի օրում երկու տարեց կին է սպանվել, երկուսն էլ՝ գլխին հասցված հարվածներով:

Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Վ. Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. հոկտեմբերի 21-ին իր տանը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Վ. Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ:

Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինն սպանվել է հոկտեմբերի 20-ին՝ շահադիտական դրդումներով:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ. Սիմոնյանը կենդանության օրոք կրել է ոսկե ականջօղեր, որոնք նրա սպանությունից հետո վաճառվել են ոսկու առուվաճառքով զբաղվող անձի: Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է ականջօղերը ձեռք բերած և դրանք վաճառած անձանց ինքնությունը. վերջինս 16-ամյա մի երիտասարդ է:

Նախնական քննության տվյալներով՝ 16-ամյա երիտասարդը հոկտեմբերի 20-ին գնացել է տարեց կնոջ տուն և առաջարկել որոշակի գումարի դիմաց նրա հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչից կինը հրաժարվել է՝ ասելով, որ դրա կարիքը չունի:

Հենց այդ ժամանակ էլ նկատելով կնոջ ոսկե ականջօղերը՝ երիտասարդը քաշել է կնոջ մեջքից և գցել գետնին, որից հետո վերցրել է ոսկե ականջօղերը ու դիմել փախուստի»,-նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG