Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիրները խոստացան «ոչ»-ի քարոզը «հասցնել ամեն տուն»


Լևոն Զուրաբյանը ելույթ է ունենում «Ոչ»-ի հանրահավաքին, 30-ը հոկտեմբերի, 2015թ.

Լևոն Զուրաբյանը ելույթ է ունենում «Ոչ»-ի հանրահավաքին, 30-ը հոկտեմբերի, 2015թ.

Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցող գործիչները կոչ արեցին ժողովրդին մերժել նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները։ Ընդդիմադիրները կրկին պնդեցին, որ սահմանադրական փոփոխությունները ձեռնարկվել են իշխանության վերարտադրությունը ապահովելու համար։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, համոզմունք հայտնելով, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքը հնարավոր չէ անցկացնել՝ առանց դա կեղծելու, հայտարարեց, որ առաջիկայում իրենց գործն է լինելու ամբողջ երկրում ծավալել ակտիվ «ոչ»-ի քարոզ՝ ձևավորելով պայքարի պատրաստ քաղաքացիների մի ամբողջ բանակ:

«Այդ գործին խնդրում ենք զինվորագրվել մեր երկրի ճակատագրով ապրող բոլոր քաղաքացիներին: Նոր, ժողովրդավարական Հայաստանի դուռը բացող «ոչ»-ի քարոզը պետք է հասնի ամեն տուն: Դրա համար մենք կօգտվենք «Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսած բոլոր հնարավորություններից, ներառյալ հեռուստաեթերի օգտագործումը, մարզային այցերը և հանդիպումներ ժողովրդի հետ, տպագիր նյութերի տարածումը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Զուրաբյանը նաև ասաց, որ կձևավորեն ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների, վստահված անձերի և դիտորդների կարգավիճակով հանրաքվեի օրինականության համար պայքարելու պատրաստ ավանգարդը և կապահովեն քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների լիարժեք համագործակցությունը տեղամասերում կատարվող ընտրակեղծիքները մինիմումի հասցնելու նպատակով:

«Այս բոլոր քայլերը արդյունավետ չեն լինի, եթե զուգահեռաբար երկրում չծավալվի հզոր հանրահավաքային պայքարը: Մենք վստահ ենք, որ ակտիվ հանրահավաքային պայքարը և մասնակցությունը հանրաքվեին ոչ միայն միմյանց չեն խանգարում, այլ որ մեկը առանց մյուսի ի վիճակի չեն արդյունքի հասնել: Ուստի մենք կոչ ենք անում սկսել նաև ակտիվ հանրահավաքային պայքար, պատրաստ լինելով ժողովրդի մոբիլիզացիայի հարցում համագործակցել «Ոչ»-ի ճակատի բոլոր ուժերի, այդ թվում «Նոր Հայաստան» միավորման հետ»,- հայտարարեց Զուրաբյանը։

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ հանրաքվեի ընթացքում լիակատար վերահսկողություն իրականացնելու համար քվեարկության օրը անհրաժեշտ կլինեն մոտ 4000 ակտիվիստներ։

««Այո»-ն կնշանակի, որ Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ իշխանության գլխին։ «Ոչ»-ը հնարավորություն է՝ փոխելու այս երկիրը»,- ասաց Գրիգորյանը։

Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, ով միավորվելու կոչ արեց։

«Նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն իրական ընդդիմության համար միևնույն ժամանակ և՛ առիթ, և՛ պատճառ է միավորվելու, ժողովրդին համախմբելու, և երկրում ի վերջո սահմանադրականություն հաստատելու համար: Առիթ է, որովհետև քաղաքական և իրավական հնարավորություն է տալիս միավորվելու ու պայքարելու համար: Պատճառ է, որովհետև մեր ազգի և պետականության լինել-չլինելու համար մարտահրավեր է առաջացնում»,- ասաց Ավետիսյանը։

«Ոչ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ կրկին Ազատության հրապարակում։

XS
SM
MD
LG