Մատչելիության հղումներ

logo-print

60-ամյա հաշմանդամը դեռ չի ստացել ՄԻԵԴ-ի վճռով հասանելիք փոխհատուցումը


Արդեն 35 տարի չորս պատի մեջ փակված և բակ դուրս գալու հնարավորության համար պայքարող 60-ամյա հաշմանդամ Ռադիֆ Շամոյանն ամեն օր բանկ է զանգահարում՝ տեղեկանալու, թե արդյոք ստացել Եվրադատարանի վճռով իրեն հասանելիք 3600 եվրո փոխհատուցումը:

«Որոշել էր [ՄԻԵԴ-ը] երեք ամսվա ընթացքում տային, բա ո՞ւր ա: Չորրոդ ամիսը անցավ արդեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց հաշմանդամ կինը:

Ավելի քան 10 տարվա պայքարից հետո հայրենի Արմավիրի և մայրաքաղաքի դատական ատյանների կողմից մերժում ստացած կինը հաղթել էր Ստրասբուրգում․ Եվրադատարանը վճռել էր, որ Հայաստանում խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը՝ քննության չառնելով նրա դիմում-բողոքը:

Շամոյանը դատարանների միջոցով փորձում էր հասնել իր բնակարանի դիմաց կառուցված ապօրինի խորդանոցի քանդմանը, որպեսզի թեքահարթակ կառուցի ու կարողանա սայլակով բակ դուրս գալ․ - «Մի փոքր ճամփա սարքեն, տանից դուրս գամ․․․ Արևի էրեսը դրսից տեսնեմ»:

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ ՄԻԵԴ-ի վճռով հաշմանդամ կնոջը 3600 եվրո վճարելու ժամկետը դեռ չի լրացել:

Շամոյանի խոսքով, սակայն, իրեն այդ հարցում ցայսօր որևէ մեկը չի դիմել, և ամսական 47 հազար դրամով ապրող կինն անհամբեր է․ - «Էնքան դարդ ու ցավ ունեմ․․․»

Եվրադատարանում իրավաբանական ներկայացուցիչ Ռուբեն Այվազյանը բոլոր ատյաններում աջակցել է Շամոյանին և պատրաստ է այսուհետ ևս ամեն ինչ անել, որպեսզի հաշմանդամ կինը թեքահարթակ ու բակ դուրս գալու հնարավորություն չստանա:

«Ամեն դեպքում, ես մտածում, որ նույնիսկ կարող են միջազգային դատարանի վճռի հիման վրա, որ պարտավոր են դատական ակտը վերանայեն, նույնիսկ բողոքը բողոքը վարույթ չընդունեն․․․ Ես ամեն ինչ սպասում եմ էս դատավորներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Այվազյանը:

Տասնամյակներ շարունակ միայնակ ապրող կինը այցելուներ գրեթե չի ունենում, բայց առաջիկա սահմանադրական հանրաքվեի հարցով արդեն հյուրեր ունեցել է․ - «Էս վերջերս էրկու հատ միլիցա եկան, ասին ինչ-որ պտի հա ու չէ ասենք․․․ համարը, բանը գրին, տարան»:

XS
SM
MD
LG