Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ նախագահը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել են փոխադարձ շահերի հարգումը


Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

«Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել և կարևորել է ՀՀ նախագահի այցը, ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին Վրաստանում մեծապես հարգում և ընդունում են ոչ միայն որպես Հայաստանի նախագահի, այլ նաև որպես Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման մեծ ջատագովի: Դավիթ Ուսուպաշվիլին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցը ևս մեկ առաջընթաց քայլ կդառնա երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում»,- փոխանցում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ և հարաբերությունների ամրապնդմամբ: Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին կարևորել են բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ, փոխգործակցության զարգացումը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի մասնակցության համար:

Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների գործընթացին և տեղյակ են, որ փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական խումբն ուսումնասիրել է նաև Վրաստանի փորձը:

Զրուցակիցները կարևորել են երկու պետությունների կողմից` միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ, շրջահայաց և նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG