Մատչելիության հղումներ

Ներկայացվեցին պատմամշակութային հուշարձաններին վերաբերող նոր հրատարակությունները


ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը այսօր ներկայացրեց վերջին երկու տարիներին հրատարակած 19 գրքերը:

«Աննախադեպ տարի էր թե՛ գիտահետազոտական աշխատանքների կատարման, թե՛ այլ հրատարակությունների կազմակերպման և հրատարակման աշխատանքներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

Առաջին անգամ հրատարակվել է Հովհաննես Տեր-Մարտիրոսյանի «Իմ հիշողությունները» վերնագրված հուշագրությունը, որը ներկայացնում է 1880-1920 թվականներին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ու հերոսական իրադարձությունները:

Ուշագրավ են բոլոր գրքերը, առանձնացնելու արժանի են, այդուհանդերձ, Անատոլի Յակոբսոնի նամակները, «Բորիս Պիոտրովսկին և հնագիտությունը» ժողովածուն, Շիրակի և Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների քարտեզները, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի անգլերեն ուղեցույցը, «Արցախի վանքերն ու եկեղեցիները» քարտեզ-ալբոմը:

«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հրատարակել ենք Գրիգոր Չալխուշյանի «Կարմիր գիրքը»: Ավելի շուտ վերահրատարակել ենք, որովհետև առաջին անգամ այն հրատարակվել է 1918-19 թվականներին Դոնի Ռոստովում», - նշեց Վլադիմիր Պողոսյանը:

«Ազատության» հարցին, թե ինչ վիճակում են հայ պատմամշակութային ժառանգության կարևոր նմուշները, նա արձագանքեց․ - «Այս պահին մենք 18 գործ ունենք դատարանում, դատախազությունում և ոստիկանությունում: Մենք հետևողական ենք հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների մասով և, բնականաբար, հայցեր ենք ներկայացնում դատարան, դատախազություն ենք դիմում՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար»:

XS
SM
MD
LG