Մատչելիության հղումներ

Օսկանյան. «Առաջարկվող Սահմանադրությունը հետքայլ է փխրուն ժողովրդավարությունից»


Վարդան Օսկանյան, արխիվ
Վարդան Օսկանյան, արխիվ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը համարում է, որ Սահմանադրության նախագիծը հետքայլ է Հայաստանում արդեն իսկ փխրուն ժողովրդավարությունից:

«Առաջարկվող սահմանադրությունը ժողովրդին էապես հեռացնում է և՛ քաղաքական, և՛ որոշումների կայացման գործընթացներից՝ ժողովրդի դերը հասցնելով նվազագույնի: Նախ, նախագահն ընտրվում է ոչ թե անմիջապես ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Նույնը վերաբերում է վարչապետին: Սահմանադրության դրույթների գերակշիռ մասը կարող է փոփոխվել ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի անդամների 2/3-ի կամքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Օսկանյանը։

Ավելին, ըստ նախկին արտգործնախարարի, նոր Սահմանադրության ընդունումից հետո փոփոխվելիք Ընտրական օրենսգիրքը կարող է իսկական տրոյական ձի դառնալ Հայաստանի ժողովրդավարության համար:

«Շրջանառվող հուսալի պնդումների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ թե ընդհանրական համապետական ցուցակով, այլ՝ ռեյտինգային և ըստ առանձին ընտրաշրջանների: Դա կնշանակի, որ Հայաստանում համապետական ընտրությունները՝ որպես այդպիսին, ի սպառ կարող են վերանալ: Այլ կերպ ասած՝ խորհրդարանական կայուն մեծամասնությունն էլ ուղղակիորեն չի ընտրվելու ժողովրդի կողմից: Մի խոսքով՝ ժողովրդի դերը հասցվում է նվազագույնի»:

Օսկանյանի խոսքով՝ կառավարման ամբողջ համակարգի խարիսխը լինելու են քաղաքական կուսակցությունները, որոնք այսօր Հայաստանում թերի ինստիտուտներ են.- «Կա՛մ կայացած չեն, կա՛մ ժողովրդավարական չեն, կա՛մ թափանցիկ չեն, կա՛մ էլ այդ ամենը միասին: Հայաստանում ցանկացած քաղաքական, պետական ինստիտուտ այսօր ավելի կայացած է, քան երկրի որևէ քաղաքական կուսակցություն»։

«Նման Սահմանադրություն կարող են իրենց թույլ տալ միայն այն երկրները, որոնք ունեն ժողովրդավարության ամուր ավանդույթներ և հետևաբար՝ կայացած քաղաքական կուսակցություններ»,- եզրափակում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG