Մատչելիության հղումներ

logo-print

ԱՊՀ վարչապետները ստորագրել են գործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպումից հետո տեղի են ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը՝ նեղ և ընդլայնված կազմերով: Քննարկվել են օրակարգային շուրջ 30 հարցեր, որոնք առնչվում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև սոցիալական, ֆինանսական, իրավապայմանագրային և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը:

Մասնավորապես, քննարկվել է մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման Ռազմավարության երրորդ փուլի իրականացման՝ 2016-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների գիտատեխնիկական և կրթական ներուժի իրականացմանը, ենթակառուցվածքային նախագծերի մշակմանը, տնտեսության, էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և տրանսպորտային համակարգերի, միջտարածաշրջանային համագործակցության, մրցակցային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են 2011-ի հոկտեմբերի 18-ին ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հաստատվել է 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը:

Վարչապետները հանդիպման արդյունքներով ստորագրել են գործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսին Ղրղըզստանում:

Հաղորդագրության համաձայն՝ այսօր նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG