Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով բանակցություններ Վիեննայում


Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարները Վիեննայում, 29-ը հոկտեմբերի, 2015թ.
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարները Վիեննայում, 29-ը հոկտեմբերի, 2015թ.

Առաջին անգամ բանակցություններին կմասնակցի Իրանը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Վիեննա՝ մասնակցելու Սիրիայի հարցով երկօրյա բանակցություններին։

Առաջին անգամ բանակցություններին հրավիրված է նաև Իրանը։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վիեննա է ժամանելու շաբաթ օրը՝ երկու տեղակալների և միջուկային ծրագրի հարցով երկրի գլխավոր բանակցողի հետ։

Շաբաթ օրվա ընդլայնված բանակցություններին մասնակցելու են նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իրաքի, Եգիպտոսի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի բարձրաստիճան ներկայացուցիչները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը։

Իսկ այսօր մեկնարկող բանակցություններին, ինչպես և անցյալ ուրբաթ օրը, նույն Վիեննայում մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և Սաուդիան Արաբիան։

Մեկնաբանները նշում են, որ Սիրիայի հարցով բանակցություններին սիրիական կողմից ընդդիմության ներկայացուցիչներ չկան։ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն ընդունի ճգնաժամը հաղթահարելու ցանկացած ծրագիր, որը անցումային շրջանի համար Բաշար ալ-Ասադին որևէ դերակատարություն կապահովի։ Սիրիական ընդդիմությունը նաև դեմ է բանակցություններում Իրանի ներգրավմանը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել երկխոսությունը Սիրիայի հարցով։

«Նման մոտեցումը, այլ ոչ թե միակողմանի, ինչպես, ասենք, «Սիրիայի բարեկամների խումբն» էր, կարող է խաղաղություն և հանդարտություն բերել միասնական աշխարհիկ ժողովրդավարական նոր Սիրիայի համար», - երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խորհրդական Թոմ Շենոնն էլ երեկ ասել է, որ Քերրիի նպատակն է քննարկել, թե Ռուսաստանը և Իրանը որքանով են պատրաստ լայնորեն համագործակցել միջազգային հանրության հետ և համոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ նա քաղաքական անցումային շրջանում պետք է հեռանա։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երկու օր առաջ ասել է, թե Վիեննայի բանակցություններում Սիրիայի հարցի քաղաքական անհապաղ լուծումը հավանական է չի գտնվի, բայց նշել է, որ Վիեննայի հանդիպումը ամենահեռանկարային հնարավորությունն է։

Նրա խոսքով, այսօրվա խնդիրն է գծել դժոխքից դուրս գալու պլանը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Քարնեգի կենտրոնում, Ջոն Քերրին ասել է, որ «Իսլամական պետության» խմբավորումներին ոչնչացնելու համար նախ անհրաժեշտ է ավարտել պատերազմը Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG