Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը միառժամանակ չեղարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցները


«Տխուր պատկերներ», Բելառուս, ընտրություններ, Եվրամիություն, պատժամիջոցներ։ Ծաղրանկար, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայություն։

«Տխուր պատկերներ», Բելառուս, ընտրություններ, Եվրամիություն, պատժամիջոցներ։ Ծաղրանկար, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայություն։

Որոշումն ընդունվել է երկրում քաղբանտարկյալների ազատ արձակման և ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավման համատեքստում:

Եվրոպական միությունը չորեքշաբթի երեկոյան հայտնել է, որ Բելառուսի հետ հարաբերություններում գրանցվել է բարելավում, ինչը թույլ է տալիս չորս ամսով չեղյալ հայտարարել այդ երկրի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

«Այս որոշումն ընդունվել է օգոստոսի 22-ին Բելառուսում քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և Եվրամիություն-Բելառուս հարաբերությունների բարելավման համատեքստում»,- ասվում է Բրյուսելի տարածած հաղորդագրությունում։

Եվրամիության դեսպանները պետք է ապասառեցնեն պատժամիջոցների ցանկում ընդգրկված 174 բելառուսցի պաշտոնյաներից 170-ի բանկային հաշվեհամարները, վերացնեն նրանց մուտքի արտոնագրերի արգելքը և չեղարկեն բելառուսական 14 ընկերությունների նկատմամբ սահմանված առևտրի սահմանափակումները։

Պատժամիջոցները կշարունակեն գործել 1999-2000 թվականներին Բելառուսում քաղաքացիների անհետացմանն առնչություն ունեցող 4 պաշտոնյաների նկատմամբ։ Զենքի առևտրի արգելքը նույնպես կմնա ուժի մեջ։

«Մենք հուսով ենք, որ այդ որոշումը կհանգեցնի բոլոր պատժամիջոցների արագ և գործնական վերացմանն ու կնպաստի Բելառուսի և Եվրոպական միության կապերի բարելավմանը»,- երեկ հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Դմիտրի Միրոնչիկը և ավելացրել. - «Սա բխում է բոլոր կողմերի շահերից»։

Եվրոպական միությունն առաջիկա չորս ամիսների ընթացքում դիտարկում է իրականացնելու Բելառուսում մարդու իրավունքների ասպարեզում և ոտնահարումներ բացահայտելու դեպքում կվերականգնի պատժամիջոցները։

Պատժամիջոցների գործողության ժամկետը սպառվում է հոկտեմբերի 31-ին։ Չեղարկումը տեղի կունենա այս բանաձևով. Եվրամիությունը կերկարաձգի և միաժամանակ կսառեցնի դրանք։

Պատժամիջոցները երկարաձգելու և չորս ամսով սառեցնելու մասին որոշումը պետք է այսօր հրապարակվի Եվրամիության պաշտոնական հանդեսում և նոյեմբերի 1-ին կմտնի ուժի մեջ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան 1993 թվականից է ղեկավարում երկիրը։ Այս տարվա հոկտեմբերին նա հինգերորդ անգամ վերընտրվել է նախագահ՝ հավաքելով քվեների 83 տոկոսը։ Արևմտյան կառույցներն այդ ընտրությունները «ոչ ազատ» ու «ոչ արդար» են որակել և այնուամենայնիվ դրական միտում են համարել քաղբանտարկյալներին ազատ արձակելու փաստը։

Իսկ առաջին անգամ պատժամիջոցները սահմանվել են 2010 թվականին, երբ Լուկաշենկայի վարչակարգը բիրտ ուժ է կիրառել նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ։

Այս տարվա ընթացքում Բրյուսելի և Մինսկի հարաբերությունները որոշակիորեն վերականգնվել են։ Եվրամիությունը ոչ միայն ողջունել է քաղբանտարկյալների ազատ արձակումը, այլև Ուկրաինայի հակամարտության հարցում Բելառուսի հավասարակշռված դիրքը և ռուս-ուկրաինական բանակցային գործընթացին էապես նպաստելու ջանքերը։

Բրյուսելի և Մինսկի քննարկումների օրակարգում նաև մուտքի արտոնագրերի դյուրացումն է։ Համաձայնության դեպքում Բելառուսի քաղաքացիները կստանան Շենգենի վիզաները առավել պարզեցված կարգով և ցածր գնով ձեռք բերելու հնարավորություն։

XS
SM
MD
LG