Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժեց արտադատական կարգով կալանքները վերացնել առաջարկող օրինագիծը


Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատության» ստուդիայում:
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատության» ստուդիայում:

Միակ զիջումը, որին կառավարությունը գնացել է, շեմ սահմանելն է․ ներկայումս արտադատական կարգով արգելանք կարելի է դնել մինչև 200 հազար դրամ տուգանքների դեպքում, ավելի բարձր տուգանքների հարցը պիտի գնա դատարան:

Հարկադիր ծառայության արգելանքների պատճառով Սարգսյանների 5 հոգանոց ընտանիքը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի․ մի օր փոստատարը միանգամից 20-ից ավելի տուգանքի ծանուցագրեր է բերել, իսկ Հարկադիր ծառայությունն արգելափակել է ընտանիքի անդամների հաշիվները։

Երբ Սարգսյանները գնացել են Հարկադիր ծառայություն, պարզել են, որ հավելյալ 11 տուգանք էլ կա, որոնց մասին չեն ծանուցվել։ Միակ աշխատողը ընտանիքի հայրն է․ նա տաքսու վարորդ է և գրեթե ամբողջ օրը ղեկին է:

«Մարդիկ կործանվում են դրանով», - «Ազատության» հետ զրույցում ասաց տանտիկինը՝ Նունեն:

Սոցիալապես անապահով ընտանիքն ի վիճակի չէ մուծել մոտ 300 հազար դրամ, համաձայն չեն տուգանքներին, որոնք հիմնականում կիրառվել են Նոր Նորքում կանգառի հարևանությամբ գտնվող տաքսի նշանի տակ մեքենան կանգնեցնելու համար:

«Ի՞նչ իրավունք ունեն միանգամից ուղարկելու: Մի անգամ թող ուղարկեին, մենք կտեսնեինք, որ դրա համար տուգանք ա հասնում, էլ դրանից հետո նման բան չէր լինի», - վրդովվում է տիկին Նունեն:

Այժմ ամուսինը արգելանքի տակ գտնվող մեքենան է որպես տաքսի օգտագործում: Մինչև վերջերս աշխատում էր նաև տիկին Նունեն, սակայն ստիպված դուրս է եկել աշխատանքից, քանի որ ստացած 50 հազար դրամ աշխատավարձը անմիջապես կալանքի տակ էր հայտնվում․ - «Այսինքն ես ամիսներ շարունակ աշխատել եմ առանց աշխատավարձ»:

Սարգսյանների պատմությունը միակը չէ։ Ամեն ինչ սկսվեց անցած տարի, երբ օրենքի փոփոխության արդյունքում Հարկադիր ծառայությունը առանց դատարանի որոշման հաշիվների վրա արգելանք դնելու հնարավորություն ստացավ։

Փաստաբան Արտակ Խաչատրյանը միջազգային փորձն է ուսումնասիրել և ասում է, որ միայն չճանաչված Մերձդնեստրի հանրապետությունում են նույն կերպ՝ առանց դատարանի որոշման սեփականության վրա կալանք են դնում։ Ընդ որում, այնտեղ բազմաթիվ բողոքներից հետո որոշել են խնդիրը լուծել Սահմանադրական դատարանի մակարդակով։

«Եթե նույնիսկ վերցնես, որ հազարից մի դեպքում է թերացում լինում՝ ծանուցման հետ կապված խնդիր, հասցեի հետ կապված, արգելանք դնելու անօրինականության հետ կապված խնդիր, հազարից մեկը էլի ներելի կլիներ: Բայց քանի որ արդեն հարյուր հազարներով է թիվը գնում, արդեն կրկնապատկվում, բազմապատկվում են այդ թերությունները, ու ժողովրդի բողոքը տեղին է», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Հայաստանում Սահմանադրական դատարանը, մինչդեռ, ամիսներ առաջ որոշեց, որ արգելանքները օրինական են։ Հենց այս հիմնավորմամբ էլ կառավարությունն այսօր մերժեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը արտադատական կարգով կալանքները վերացնելու մասին։

Մարուքյանի համար կառավարության որոշումը անհասկանալի է: Նա պնդում է, որ հարցը ոչ թե Սահմանադրությանն է վերաբերում, այլ մարդու իրավունքներին։

Կառավարությունից Մարուքյանին ասել են, որ խնդիրը իրենց էլ է մտահոգում․ - «Մենք էլ ենք անհանգստանում, բայց տարիներով շարունակում ենք ձեզ կեղեքել: Անհանգստանում ենք, հանձնաժողովներ ենք ձևավորել, ժողովներ ենք անում, աշխատանքային խմբեր․․․ Բայց բան չի փոխվում»:

Միակ զիջումը, որին կառավարությունը գնացել է, շեմ սահմանելն է․ ներկայումս արտադատական կարգով արգելանք կարելի է դնել մինչև 200 հազար դրամ տուգանքների վրա, դրանից բարձրերի հարցը գնում է դատարան։

«Այդ օրենքի տրամաբանությունից դուրս է գալիս, որ սեփականությունը դա մինչև 200 հազար դրամը չի, 200 հազարից բարձրը նոր սեփականություն է», - տարակուսեց Մարուքյանը:

Չնայած կառավարության բացասական եզրակացությանը, օրինագիծը առաջիկայում կքննարկվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, թեև հեղինակը քիչ հավանական է համարում, որ հանրապետական մեծասնությունը դեմ կգնա կառավարության որոշմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG