Մատչելիության հղումներ

Բնապահպաններն ահազանգում են Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մասին


Ահազանգերի հետքերով գնացած գյուղատնտեսության նախարարության մասնագետները դեռ եզրակացություն չեն ներկայացրել:

Լոռու մարզի Դսեղի ու Եղեգնուտի անտառներում միայն այս ամիս կատարած եռօրյա շրջայցի ժամանակ բնապահպանները շուրջ 1000 հատված ծառեր են հայտնաբերել: Բնապահպան Լևոն Գալստյանի պնդմամբ, կատարվել է ապօրինի զանգվածային ծառահատում:

«Էդ ամբողջ ընթացքում, որ մենք ման եկանք անտառներում, մեծ ցանկություն ունեինք գոնե տեսնել մի ծառ, որը օրինական է հատված: Ցավոք՝ էդպիսի բան մենք չտեսանք անտառում»,- ասում է Գալստյանը:

Մինչդեռ, այս տարածքի պատասխանատուն՝ գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վստահեցնում է՝ իրենք տարեսկզբից մինչ այսօր Դսեղում ընդամենը 350, իսկ Եղեգնուտում՝ 170 ապօրինի ծառահատում են արձանագրել: Տնօրեն Մարտուն Մաթևոսյանի խոսքով, բնապահպանների ահազանգից հետո հատուկ խումբ են ուղարկել՝ հիշյալ թվերը ճշտելու համար:

«Ծառը պիտի կտրեն, ենթադրենք, կես մետր բարձրությունից, բայց կտրում են ներքևից, այսինքն՝ կողքից նայողը կմտածի, որ դա ապօրինի է: Վերջնական պատասխան տալու համար, նույն՝ մեր բնապահպանական ճակատի ընկերներին, լրջագույն ուսումնասիրություն պիտի կատարվի»,- ասում է Մաթևոսյանը:

Բնապահպան Անի Խաչատրյանը պատմում է, որ իրենց եռօրյա այցելության ընթացքում անընդհատ լսել են գետնին տապալվող ծառերի ու սղոցի ձայնը: Մտավախություն ունեն, որ իրենց արձանագրած ծառահատումների թիվն ավելի մեծ կլիներ, եթե կարողանային նաև անտառի դժվարանցանելի հատվածները մտնել: «Ու դատելով ծառերի ընկնելու ձայնից, բավական հսկա ծառեր էին, այսինքն՝ եթե պատկան մարմինները ցանկություն ունենան բացահայտելու, իրենք շատ հեշտ, ուղղակի մի այցելությամբ, մեծ բաներ կարող են հայտնաբերել»:

«Հայանտառ»-ի տնօրենը չի հերքում՝ այս տարի, նախորդի համեմատ, ապօրինի ծառահատումների թիվը, թեկուզ քիչ, բայց ավելացել է: Իրավիճակը գրեթե չի փոխել նաև կառավարության այն որոշումը, որով սանիտարական ծառահատումներից մնացած թափուկները անվճար հատկացվում են տարածքում ապրող գյուղացիներին:

«Եթե համեմատության մեջ դնենք, հիմնական ապօրինի հատումները անտառամերձ համայնքների բնակիչների վառելափայտի կարիքների խնդիրներն են լուծում»,- ասում է «Հայանտառ»-ի տնօրենը։

Բնապահպանները չեն ընդունում հիմնավորումները, թե ապօրինաբար ծառ հատողները հիմնականում գյուղացիներն են: Ընդգծում են՝ հաճար, թխկի, բոխի, լորենի, կաղնի ծառատեսակները հատում են հիմնականում շինարարության կամ վերավաճառքի համար: Ըստ նրանց, զանգվածային անտառահատումները շարքային գյուղացու ձեռքի գործը չեն:

«Հսկայական քանակի փայտանյութ չէր օգտագործվել, այսինքն՝ ուղղակի կտրում են, մի մասը վերցնում են, հետո՝ նորը», «Պատասխանատուները, իրական հանցագործները տարբեր կաբինետներում նստած մարդիկ են, սկսած երկու-երեք պատասխանատու նախարարություններից, վերջացրած ոստիկանությամբ, դատախազությամբ»,- ասում են բնապահպանները:

Նրանց այս վարկածը Մաթևոսյանը բացառում է՝ ասելով. - «Մենք այսօր մեր հատումներից առաջացած շինափայտի իրացման պրոբլեմ ունենք, ցավոք սրտի, որովհետև նույն փայտամշակման ոլորտի ենթակառուցվածքները, ձեռնարկությունները շատ քիչ են»:

Բնապահպանների ահազանգի հետքերով գնացած գյուղնախարարության մասնագետները դեռ նոր պետք է ներկայացնեն իրենց արձանագրած փաստերը: Լևոն Գալստյանն ու Անի Խաչատրյանն ասում են, որ նախորդ տարիներին իրենց ահազանգերից հետո հարուցված քրեական գործերում, որպես կանոն, միայն անտառապահներն ու անտառապետերն են ներգրավվել:

XS
SM
MD
LG