Մատչելիության հղումներ

logo-print

«Նոր Հայաստան»-ը սկսում է մարզային այցելությունները


«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները մամլո ասուլիս են տալիս, 29-ը հոկտեմբերի, 2015թ․

«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները մամլո ասուլիս են տալիս, 29-ը հոկտեմբերի, 2015թ․

Ի տարբերություն «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության, «Նոր Հայաստան»-ը հանրաքվեին մասնակցելու կոչ չի անելու։ Բայց մի հարցում երկու ճակատները միակամ են՝ «պետք է հասնել իշխանափոխության»։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մինչև քվեարկության օրը՝ դեկտեմբերի 6-ը անհնազանդության գործողություններով տապալել պատրաստվող «Նոր Հայաստան» ճակատը սկսում է մարզային այցելությունները։ Առաջիկա կիրակի օրը ճակատի միասնական շտաբը հավաք կանցկացնի հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, նոյեմբերի 4-ին՝ Վանաձորում։

«Շրջագայության նպատակը պիտի լինի ի հայտ բերել մեր ժողովրդի այն շերտը, որը պատրաստ է դիմադրել»,- ասում է միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:

Ի տարբերություն «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության, «Նոր Հայաստան»-ը հանրաքվեին մասնակցելու կոչ չի անելու։ Սեֆիլյանի փոխանցմամբ, սակայն, երկու ճակատները մեկ հարցում միասնական են՝ պետք է հասնել իշխանափոխության։ «Մենք կապի մեջ ենք, խնդիր ենք դրել, որ շրջանային շրջագայումները լինեն այնպես, որ հնարավորինս լինենք միասին, որ ժողովուրդը մոլորության մեջ չընկնի»:

«Ոչ» ասող երկու ճակատներն առաջիկա հանրաքվեին համատեղ կվերահսկեն ընտրատեղամասերը։ Զարուհի Փոստանջյանի պնդմամբ, սակայն, պայքարը պետք է կենտրոնացնել փողոցում։

«Մեր պատասխանը անհնազանդությունն է՝ գործադուլի, դասադուլի, փողոցում հերթապահությունների միջոցով: Մենք ունենք հնարավորություն՝ ասելու, որ «մենք ձեզ չենք ճանաչում», իսկ դա պետք է տեղի ունենա զանգվածային անհանդուրժողական միջոցառումների միջոցով»,- ասում է Փոստանջյանը:

Մարզային այցելություններին Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցի: Առայժմ հայտնի չէ նաև, թե երբ ակտիվ պայքարին կմիանա Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սեֆիլյանի խոսքով, «Ժառանգության» առաջնորդը անձնական խնդիրների բերումով բացակայում է երկրից և հայտնի չէ, թե երբ կմիանա պայքարին։ Այդուհանդերձ, Սեֆիլյանը հույս հայտնեց՝ «նոյեմբերին մեզ միասին կտեսնեք»:

Ընդդիմադիրների պնդմամբ, իշխանությունն ամեն կերպ փորձում է ջլատել «Ոչ»-ի ճամբարը, ստեղծում է արհեստական տարաձայնություններ, իրավապահներին էլ՝ ձեռքերը ծալած չնստելու հրահանգ իջեցնում։

Առաջիկա օրերին «Նոր Հայաստան»-ը կհրապարակի մարզային այցելությունների ողջ ցանկը: Մինչ այդ, շարժման առաջնորդները վաղը կմասնակցեն Երևանում կայանալիք՝ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին։

XS
SM
MD
LG