Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանը կվերադառնա Ղարաբաղ, հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը


Լևոն Հայրապետյան, արխիվ
Լևոն Հայրապետյան, արխիվ

Գործարարը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը չի կարող հեռանալ Մոսկվայից և Մոսկվայի մարզից, քանի դեռ իր դեմ հարուցված քրեական գործը չի կասեցվել։

«Երկու ամիս ես մնացի բանտարկյալի վիճակի մեջ, հիվանդանոցում։ Ինձ բաց թողեցին, ոչ մի բան չգտան, հիմա ես ազատ եմ, մենակ իրավունք չունեմ Մոսկվայից գնալու և Մոսկվայի մարզից։ Ինձ բռնել են նրա համար, որ ես օգնել եմ ծախել «Բաշնեֆտ»-ը, իսկ օգնությունը հանցագործություն չէ։ Ճիշտն ասած, ես չեմ օգնել, ես դեմ էի», - ասաց Հայրապետյանը։

Գործարարը նշեց, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը, ինքը կմեկնի Ղարաբաղ։ «Որ մենակ մեր գյուղը չաճի... կողքի գյուղերը, շրջանը Մարտակերտի և ամբողջ Ղարաբաղը», - ասաց Հայրապետյանը։

«Ազատության» հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել, որ Ադրբեջանին հանձնվեն այդ շրջանները, հայազգի գործարարը պատասխանեց. - «Ես չեմ կարող տենց բան պատկերացնել։ Եթե, օրինակ, ինձ ասեն՝ կա՛մ կյանքդ է, որ ողջ պետք է մնաս, կա՛մ Ղարաբաղը հանձնես, ես Ղարաբաղը կընտրեմ։ Ես համոզված եմ, որ մեր իշխանություններն էլ են այդպես կարծում՝ ես Ղարաբաղի ղեկավարության մասին եմ խոսում, իրենք շատ մեծ պատրիոտ են իրենց հողի»։

Հարցին, որ եթե Հայաստանի իշխանությունները ստիպեն, Ղարաբաղի իշխանությունները կըմբոստանա՞ն Հայաստանի իշխանությունների դեմ, գործարարը պատասխանեց. - «Չեն կարող ստիպել իրենց։ Իսկ եթե պետք լինի՝ կըմբոստանան»։

Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու որոշմանը, Լևոն Հայրապետյանն ասաց, որ դրական է վերաբերվում դրան։

«Արա Աբրահամյանն ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունք ունի, քանի որ նա նաև Հայաստանի քաղաքացի է և ղեկավարում է Ռուսաստանի հայերի միությունը, որը միավորում է շուրջ երկու միլիոն հայերի։ Եվ հիմնական տրանսֆերտները Հայաստանի տնտեսության զարգացման համար երկիր են մտնում հենց Ռուսաստանից։ Կնվազեն կամ կավելանան այդ փոխանցումները՝ կազդի ինչպես Հայաստանի տնտեսության վրա, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության վրա», - ասաց Հայրապետյանը՝ հավելելով. - «Դրա համար էլ չի կարելի բացառել սփյուռքի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին՝ ինչպես Ռուսաստանի հայ համայնքի, այնպես էլ Ֆրանսիայի, Ամերիկայի, նույնիսկ Լատինական Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։ Ռացիոնալ կլինի, եթե համայնքների ներկայացուցիչները մասնակցեն քաղաքական կյանքին, ներկայացված լինեն պառլամենտում։ Աբրահամյանը կարող է հաջողության հասնել Հայաստանում»։

Լևոն Հայրապետյանի հետ «Ազատության» զրույցը ամբողջությամբ կարող եք դիտել «Կիրակնօրա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման նոյեմբերի 1-ի թողարկման ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG