Մատչելիության հղումներ

Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է Նիկոլայ 2-րդի կիսանդրին


Ռուսաստանի վերջին կայսր Նիկոյալ 2-րդը: 1913 թ․

Ռուսաստանի վերջին կայսր Նիկոյալ 2-րդը: 1913 թ․

Ռուսաստանի վերջին միապետի կիսանդրին տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին հայկական եկեղեցու տարածքում գտնվող Մոսկվայի և ազգերի մշակույթի թանգարանում հանդիսավորությամբ բացվել է Ռուսաստանի վերջին միապետ՝ Նիկոլայ 2-րդի կիսանդրին:

Գիտաժողովին մասնակցել են նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, պատմաբաններ Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտից:

«Շատ լավ կազմակերպված գիտաժողով էր», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Խոսրոևան: - «Տասնութ երկրներից հրավիրված էին ցեղասպանագիտության մասնագետներ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը, փոխնախագահը»:

Անդրադառնալով Նիկոլայ 2-րդի կիսանդրու բացմանը՝ Խոսրոևան ասաց․ - «Երևի թե դա կոնֆերանսի միակ բացասական գիծն էր, որովհետև ամենևին տեղին չէր և պատշաճ չէր: Ես չեմ կարծում, որ դա որևէ կապ ուներ մեզ հետ, մեր հարցի հետ: Ես ինքս անձամբ դեմ էի: Ավելին ասեմ․ կարծեմ մեկ տարի առաջ նույն բանը պատրաստվում էին անել Գյումրիում, ռուսական բազայի տարածքում, բայց մեր մի շարք գիտնականների ջանքերի շնորհիվ տեղի չունեցավ: Խսսքը կրկին Նիկոլայ 2-րդի արձանի մասին էր»:

Ինստիտուտի առաջատար գիտաշխատողներից Սուրեն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ չնայած Նիկոլայ 2-րդի վարած ոչ հայանպաստ քաղաքականությանը, այնուամենայնիվ ռուսական զսպաշապիկը թուրքական իշխանություններին չէր թողնում ոչնչացնել հայերին:

Հարցին, թե ինչու էր Նիկոլայ 2-րդը իր երկրի շահերին հարմար պահերի հետ քաշում զորքը՝ բոլորովին անպաշտպան թողնելով հայ բնակչությանը, Սարգսյանը պատասխանեց․ - «Կան մի քանի վարկածներ, որոնցից ես կասեմ այն, որին կողմնակից եմ: Ես երբեք չեմ մոռանում երջանկահիշատակ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի այն խոսքը, որ Ռուսաստանին հարգելով, սիրելով և նրա օգնությունը միշտ ակնկալելով, հայերս երբեք չպետք է մոռանանք, որ Հայաստանը ռուսներին պետք է առանց հայերի: Ինչո՞ւ: Որովհետև հայ ժողովուրդը պատմական ճակատագրի բերումով ունի խնդիրներ իր բոլոր հարևանների հետ: Տարածքը, որպես ռազմավարական խոշոր նշանակության բարձրավանդակ, կարևոր դերակատարություն ուներ, բայց հայերի ունեցած խնդիրները ռուսներին, կայսրությանը բոլորովին էլ պետք չէր»:

Գիտաժողովի կազմակերպիչներից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հայաստանում չէ, իսկ Եզրաս արքեպիսկոպոսի հետ հեռախոսով կապվել չհաջողվեց:

XS
SM
MD
LG