Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում 4 անձի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ, ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել երկու անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ։ Քննությամբ պարզվել է, որ նրանք հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։

«Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մի քանի անձ 2015թ. հոկտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, սպանելու դիտավորությամբ մուտք են գործել Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցի վրա գտնվող բուքմեյքերական գրասենյակներից մեկը և իրենց մոտ ապօրինի պահվող զենքերից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ արձակել՝ հրազենային վնասվածքներ պատճառելով այդ պահին գրասենյակում գտնվող Վահագն Գևորգյանին, Արման Սրապիոնյանին, Վլադիմիր Գևորգյանին և Արման Ավագյանին», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: - «Կրակոցների հետևանքով՝ Վահագն Գևորգյանին պատճառվել է որովայնի միջանցիկ վնասվածք՝ լյարդի պատռվածքով, Արման Սրապիոնյանին՝ ձախ ոտնաթաթի, Վլադիմիր Գևորգյանին՝ աջ ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների և Արման Ավագյանին՝ աջ ազդրի նստաներվի վնասման ձևով։ Տուժողների դիմադրության արդյունքում նշված անձինք դիմել են փախուստի»:

Քննությամբ պարզվել է զինված նշված բուքմեյքերական գրասենյակ մուտք գործած անձանցից երկուսի ինքնությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը երեկ որոշում է կայացրել երկու անձի Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով («մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու և ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»), 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց իրական շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG