Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին այսօր Բաքվում ընդունած Իլհամ Ալիևը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող դիվանագետների հասցեին։

Միջնորդները Ադրբեջան են մեկնել երեկ՝ Ստեփանակերտից։ Շփման գծում դիտարկում անցկացնելու ավարտին, հիշեցնենք, գրանցվել էր գնդակոծություն՝ ավտոմատ հրազենից։ Մինչ ԵԱՀԿ մասնագետները չեն շտապում գնահատական տալ միջադեպին և մատնացույց անել մեղավորներին, կողմերն իրար են մեղադրում։

Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն առաջին անգամ ծավալուն հաղորդագրությամբ մանրամասներ է ներկայացնում Իլհամ Ալիևի և միջնորդների միջև այսօր տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ։ Հաղորդագրությունից դատելով՝ միջնորդները բացառապես լսողի դերում էին. Ադրբեջանի նախագահը որոշել էր ելույթով հանդես գալ և դատապարտել ոչ միայն հայկական կողմին, այլ նաև միջնորդներին։

«Հայաստանի իշխանության սադրանքները վերջ չունեն»,- այսպես է իր ելույթը սկսել Ալիևը՝ որպես ասածի ապացույց նշելով անցյալ տարի Փարիզում իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից երկու շաբաթ անց Ղարաբաղում մեկնարկած զորավարժությունները։

Ըստ Ալիևի՝ այդ ժամանակ հայկական զինված ուժերի ուղղաթիռները գրոհել էին ադրբեջանական դիրքերը, մինչդեռ Ադրբեջանը օրեր շարունակ լռում էր՝ անպատասխան թողնելով հայկական կողմի գործողությունները։

«Ադրբեջանը պատասխանել է միայն օրեր անց, այն էլ այն ժամանակ, երբ այդ ուղղաթիռները փորձում էին կրակ բաց թողնել ադրբեջանական դիրքերի վրա»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հավելել է՝ հայկական կողմի սադրանքների շարքին է դասվում նաև, իր խոսքով, բռնապետական ռեժիմ ունեցող Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։ «Ցավոք, դա ևս անպատասխան մնաց միջնորդների կողմից»,- արձանագրել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանը, լինելով տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող երկիր, ադրբեջանական սահմանամերձ գյուղերի վրա կրակում է անգամ հարսանիքների պահին։

«Միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդները այդպես էլ ադեկվատ ձևով չարձագանքեցին հայկական կրակոցներին, և այդ ամենը Ադրբեջանի դիտարկմամբ՝ ստվեր է նետում միջնորդական առաքելության վրա»,- նաև ասել է Ալիևը։

Թե ինչ են պատասխանել միջնորդները իրենց ուղղված մեղադրանքներին, պաշտոնական Բաքուն ոչինչ չի հաղորդում։ Հայտնի է միայն, որ Ալիևի ելույթից հետո մտքեր են փոխանակել բանակցությունների ներկայիս ընթացքի և հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են նաև ադրբեջանցի փախստականների հետ և միաբերան հայտարարել փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին։

«Ադրբեջանում մենք հանդիպել ենք բռնի տեղահանվածների հետ և տեսել, թե որքան մեծ է հայրենիք վերադառնալու նրանց ցանկությունը»,- հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող հասարակական միավորման ներկայացուցիչները ևս իրենց դժգոհությունն են հայտնել միջնորդների գործունեության վերաբերյալ և ափսոսանք հայտնել, որ Մինսկի խմբի՝ տարիներ տևած աշխատանքը այդպես էլ արդյունք չի տվել։ Միավորման նախագահ Բայրամ Սաֆարովը հույս է հայտնել, որ համանախագահները կվերականգնեն արդարությունը և վերջապես ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց տները։

«Երբեմն ձեր հայտարարություններից կարելի է դատել, որ դուք մտածում եք հայերի պես»,- համանախագահներին ուղղված իր խոսքում ընդգծել է փախստականների միավորման մեկ այլ ներկայացուցիչ՝ ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը։

Ի պատասխան ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքն ասել է, որ իրենք տեղյակ են այն մասին, որ վերջին 20 տարիները բավական ծանր էին ադրբեջանցի փախստականների համար։ «Ինչպես ես ասել էի Երևանում, մինչև չլուծվի փախստականների խնդիրը, մինչև նրանք չվերադառնան իրենց հայրենի տարածքը, համակողմանի լուծում հնարավոր չի լինի»,- նաև ասել է ամերիկացի դիվանագետը։

Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն էլ իր հերթին վստահեցրել է, թե հասկանում են փախստականների հարցի կարևորոությունը հակամարտության կարգավորման համատեքստում և հարցը քննարկում են յուրաքանչյուր հանդիպման ընթացքում։

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան էին ժամանել հոկտեմբերի 26-ին։ Նրանց այցի վերջին կանգառը Բաքուն էր, դիվանագետները հանդես կգան այցն ամփոփող հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG