Մատչելիության հղումներ

Մարզային հիվանդանոցներն անմխիթար վիճակում են


Արտաշատի բժշկական կենտրոն, հոկտեմբեր, 2015թ․

Արտաշատի բժշկական կենտրոն, հոկտեմբեր, 2015թ․

Բուժաշխատողների պնդմամբ, դրանցից շատերը ԽՍՀՄ փլուզումից ի վեր չեն վերանորոգվել, մինչդեռ, Համաշխարհային բանկը անցած 7 տարիներին մոտ 42 մլն դոլար է հատկացրել մարզային հիվանդանոցների բարելավման ծրագրին:

Մարզային բժիշկների խոսքով, Հայաստանի մարզերում գործող տասնյակ հիվադանոցներ ԽՍՀՄ փլուզումից ի վեր չեն վերանորոգվել: Արմավիրի, Արտաշատի և Մասիսի հիվանդանոցներով «Ազատության» շրջայցի ընթացքում բոլոր բուժաշխատողներն ընդգծում էին կիսաքանդ շենքերում հիվանդներ ընդունելու անթույլատրելիությունը, չհամարձակվելով, սակայն, արտահայտվել տեսախցիկի առջև:

Փոխարենը, նշված մարզերի բնակիչներն անթաքույց բողոքում են՝ բժշկի այցելելու համար ստիպված են մայրաքաղաք հասնել, եթե, իհարկե՝ միջոցները ներում են:

Արտաշատի բժշկական կենտրոնն ավելի քան 30 տարի չի վերանորոգվել: Ամենուրեք կիսաքանդ հիվանդասենյակներ են՝ ծեփազրկվող պատերով և ամեն վարկյան ջարդվելու ենթակա հնամաշ մահճակալներով: Տնօրեն Վարդան Հովհաննիսյանին կառավարությունից խոտացել են առաջիկա 4 ամիսներին աջակցել այս հարցում, սակայն վերանորոգման նախագիծը մինչ օրս պատրաստ չէ:

«Նախագիծը որ եղավ, հաստատելուց հետո իրենք պետք ա մրցույթ հայտարարեն, որ շինարարը լինի․․․»,- ասում է Հովհաննիսյանը: Ըստ կենտրոնի տնօրենի, կիսաքանդ այս հիվանդանոցում տարեկան մոտ 5000 հիվանդ է բուժում ստանում, 1000-ը՝ վիրահատվում:

Հովհաննիսյանի հավաստմամբ, խոնավ պատերը չեն խանգարում բժիշկներին՝ պաշաճ բուժօգնություն ցուցաբերելու հարցում: Փաստարկում է՝ վերջին 3 տարիներին իրենց հիվանդանոցում մահվան դեպք չի գրանցվել: «Եթե վատ պայմաններն ազդեին բուժօգնության որակի վրա, անպայման կլինեին նման դեպքեր, որ չեն եղել: Իսկ դա օբյեկտիվ ա, չի կարող լինի ու թաքցնես․․․»:

Մնչդեռ նման ցուցանիշով չի կարող հպարտանալ Արմավիրի բժշկական կենտրոնը, որի սուր ինֆեկցիոն բաժանմունքում մոտ 4 ամիս առաջ երկու անչափահաս երեխաներ մահացան: 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով օրեր առաջ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար մեղադրանք առաջադրվեց բուժող բժշկին՝ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ ընդունել էր, որ բաժանմունքը, մեղմ ասած, չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ըստ մարզպետի, վերին ատյաններում մտածում են այն փակելու և բաժանմունքը Մեծամոր տեղափոխելու մասին, մինչդեռ ժամանակին կառավարությունը միլիոնավոր դրամներ է ծախսել այդ նույն՝ սուր ինֆեկցիոն բաժանմունքը նորոգելու համար:

«Կառավարության կողմից մարզին հատկացված գումարներից 35 միլիոն դրամ հատկացրել ենք ինֆեկցիոն բաժանմունքը վերանորոգելու աշխատանքներին, իմ կողմից նաև բարերարների հետ է աշխատանք տարվել․․․»,- ասում է մարզպետը:

Դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչի վրա է ծախսվել այդ գումարը: Չորս ամիս առաջ Արմավիրի բժշկական կենտրոն մեր այցի ընթացքում միայն կիսաքանդ հատակներ, փշրված ու կեղտոտ սանհանգույց էինք տեսել: Հիվանդ երեխաների ծնողների խոսքով էլ՝ հիվանդասենյակներում կարիճներ և խավարասերներ են վխտում:

Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը այս խնդրով պատասխանատվությունը դնում է մարզպետարանների վրա՝ միաժամանակ ընդունելով, որ այսօր մարզերը որակյալ մասնագետների լուրջ պակաս ունեն: Ըստ նրա, լավ մասնագետներն արտագաղթել են, երիտասարդներն էլ չեն ցանկանում մարզում աշխատել: Այդուհանդերձ, պաշտոնյան համոզմունք է հայտնում, որ մարզային հիվանդանոցներն «այսօր իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են»:

Ի դեպ, ըստ առողջապահության նախարարության, Համաշխարհային բանկի աջակցությամբ 2008-2015թթ. ընթացքում իրականացվել է Հայաստանի մարզային բուժհաստատությունների բարելավման, բուժաշխատողների վերապատրաստման ծրագիր: Այդ ծրագրի շրջանակում հատկացվել է 42 միլիոն 674 հազար դոլար:

7 տարվա ընթացքում ծրագրի շրջանակում կառուցվել է մեկ և հիմնանորոգվել 11 մարզային բժշկական կենտրոն:

XS
SM
MD
LG