Մատչելիության հղումներ

logo-print

Կձևավորվեն «Այո»-ի մարզային շտաբներ


ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հանրապետականի շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը փոխանցեց, որ մարզային շտաբները կգլխավորեն հիմնականում մարզպետները:

Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավաճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ հանդիպել են մարզպետներին՝ հանձնարարելով տեղերում ձևավորվել «Այո»-ի շտաբներ և վերահսկել դրանց գործունեությունը:

Նշենք նաև, որ ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի պետի վեց տեղակալներ են նշանակվել՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը, Տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նշանակումներն արվել են՝ հաշվի առնելով նրանց կազմակերպչական փորձը․ - «Բնակաբար, Տարածքային կառավարման նախարարը պետք է կոորդինացնի մարզպետների աշխատանքը, շտաբների ձևավորումը: Ձեր խոնարհ ծառան պետք է կոորդինացնի մեծամասնական պատգամավորների աշխատանքները, աշխատանքային խմբեր պետք է ստեղծենք: Վիգեն Սարգսյանը պետք է զբաղվի քարոզչական-կազմակերպչական աշխատանքներով, Վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը՝ կազմակերպչական աշխատանքներով․․․ Որևէ մեկը իր մասնագիտությունը չի կիրառելու քարոզարշավի ժամանակ: Նրանք հանդես են գալու որպես կազմակերպչական աշխատանքներ իրականացնող․․․ որևէ վերահսկողական լծակների անհրաժեշտություն չկա»:

Հարցին, թե արդյոք շտաբի նման կազմը վարչական ռեսուրսի օգտագործման օրինակ չէ, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Մենք ում էլ որ շտաբի անդամ դնեինք, նրանք որևէ կառույցում աշխատակիցներ պետք է լինեին, և դուք միևնույն է պետք է ասեիք, որ նրանք կկիրառեն իրենց վարչական ռեսուրսները: Մենք որևէ խնդիր չենք դրել մեր առջև՝ վարչական ռեսուրսներ կիրառելու»:

Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ շտաբն արդեն հանդիպումներ է ունեցել նաև մեծամասնականով ընտրված պատգամավորների հետ՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ են տրվել նրանց:

«Երևան գարեջուր» ընկերության սեփականատեր, մեծամասնականով ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը պնդում է, որ իր ձեռնարկության շուրջ հազար աշխատակիցներին որևէ ցուցում չի տվել․ պարզապես հետաքրքրվել է, թե նրանք ինչ են մտածում սահմանադրական փոփոխությունների մասին:

«Կողմը շատ է», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց նա:

Հարցին, թե արդյոք անձամբ զրուցել է իր աշխատողների հետ, բացատրել է փոփոխությունների անհրաժեշտությունը, Հակոբյանն արձագանքեց․ - «Առայժմ ոչ: Ոչ մեկի հետ չեմ աշխատում առայժմ: Ընդհանուր առմամբ ինձ հետաքրքիր է մարդկանց անկեղծ կարծիքը․․․ Հարցնում եմ և որևէ բան չեմ ասում: Ասելը, գումար բաժանելը ընդամենը դա կարող է 10, 15, առավելագույնը 20 տոկոս օգնել»:

Իսկ հարցին, թե արդյոք իր վրա պատասխանատվություն չի դրվել իր ենթակայության տակ աշխատող շուրջ հազար մարդու հետ աշխատել, որպեսզի «այո» քվեարկեն, Հակոբ Հակոբյանը պատասխանեց․ - «Ոչ: Որևէ մեկը ինձ մինչև այսօր որևէ բան չի ասել: Եվ երկրորդը՝ ես ունեմ իմ կարծիքը և կյանքում միշտ իմ համոզմունքներով եմ շարժվել և շարժվում եմ»:

Հակոբյանը, այդուհանդերձ, ընդունեց, որ եթե կուսակցական հանձնարարություն լինի, ինքը կենթարվի․ - «Ցանկացած կարգապահ մարդ, բնականաբար, պետք է կատարի կուսակցության հանձնարարությունը»:

Սահմանադրական փոփոխությունները պաշտպանող ՀՅԴ-ն հույս ունի, որ, անկախ ՀՀԿ-ի շտաբի կազմից, հանրաքվեն կանցնի առանց կեղծիքների: Ավելին, Դաշնակցության համոզմամբ, միայն վարչական ռեսուրսը բավարար է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կոպիտ ընտրակեղծիքներ չկիրառվեն:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց՝ եթե համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունների համար վարչական ռեսուրսի կիրառումը բավարար չէր հաղթանակի համար, նաև նկարչություն ու կեղծիքներ էին անհրաժեշտ, ապա սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ է վեց հարյուր հազար «այո», ինչն ապահովելու համար ընտրակեղծիքների անհրաժեշտություն չկա:

«Ադմինիստրատիվ ռեսուրսի առկայությունը 20-25 տոկոս առավելություն տալի՞ս է․․․ դա լիուլի բավարար է, որպեսզի մյուս մեթոդները՝ կոպիտ, հանցավոր քայլերը կեղծիքների, չկիրառվեն», - ասաց Ռուստամյանը:

Նույն թեմայով

XS
SM
MD
LG