Մատչելիության հղումներ

Սաֆարյան. «Ոչ»-ի ճամբարին չի հաջողվի արդյունավետ հակակշռել «այո»-ի ճամբարին


Ստյոպա Սաֆարյան, արխիվ

Ստյոպա Սաֆարյան, արխիվ

Ըստ Սաֆարյանի, ընդդիմությունը ո՛չ մարդկային, ֆինանսական և վարչական լծակներ ունի դա հզոր շարժման վերածելու, ո՛չ էլ՝ տեսանելի ռազմավարություն։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, թեև սահմանադրական փոփոխություններին ընդառաջ արդեն ձևավորվել են «այո»-ի և «ոչ»-ի ճակատները, քարոզարշավի ընթացքում «ոչ»-ի ճամբարին չի հաջողվի արդյունավետ հակակշռել «այո»-ի ճամբարին։

«Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այս կամ այն չափով ունեն կազմակերպական, մարդկային և այլ ռեսուրսներ, գտնվում են «այո»-ի ճամբարում, և հետևաբար, ճիշտն ասած, մեծ հույսեր չեմ փայփայում, որ մարդկային ռեսուրսների առումով, ընդդիմությանը կամ «ոչ»-ի ճամբարին հաջողվելու է արդյունավետ հակակշռել «այո»-ի ճամբարին։ Իհարկե, հասարակության ներսում կան դեմ տրամադրություններ առաջարկված նախագծին, բայց համենայն դեպս ընդդիմությունը ո՛չ մարդկային, ֆինանսական և վարչական լծակներ ունի դա հզոր շարժման վերածելու, ո՛չ էլ, ճիշտն ասած, տեսանելի ռազմավարություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Հարցին, թե ի՞նչ ընթացք է կանխատեսում հանրաքվեից հետո, վերլուծաբանը պատասխանեց. - «Ես հանրաքվեից հետո առանձնապես լուրջ պրոցեսներ չեմ սպասում։ Իհարկե, խնդիրը պարզագույն չէ, խոսքը վերաբերում է խաղի կանոններին, գլոբալ փոփոխությանը երկրում, իրենց առաջարկվող նոր փոփոխություններին։ Եվ այդ կտրվածքով, թերևս նկատելի է, որ որոշ քաղաքական գործիչների, ուժերի համար այն, այսպես պատկերավոր ասեմ՝ վերջին ճակատամարտի նման, կամ կենաց-մահու ճակատամարտի նման ինչ-որ մի բան է․ խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին, երկրորդ նախագահին, ովքեր հստակ իրենց դեմ վերաբերմունքը արտահայտել են փոփոխություններին»։

XS
SM
MD
LG