Մատչելիության հղումներ

«Վրաստանը պետք է հպարտանա Ստալինով»


Խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինը, 1939թ․
Խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինը, 1939թ․

Կփակցվե՞ն արդյոք Ստալինի դիմանկարները վրաց պաշտոնյաների աշխատասենյակներում: Իշխող «Վրացական երազանք» դաշինքի առաջատար անդամներից մեկը` գործարար Գոգի Թոփաձեն համոզված է` այդ օրը սարերի ետևում չէ: Բիձինա Իվանիշվիլիի թիմակիցն այս մասին հայտարարեց երկուշաբթի երեկոյան` «Մաեստրո» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Շուտով Ստալինի դիմանկարները փակցված կլինեն [Վրաստանի] բոլոր աշխատասենյակներում: Նա այն գործիչն է, ում քայլերով հարկավոր է հպարտանալ, նա մեծագույն բարի գործերի հեղինակ է: Նրան կարելի է նույնիսկ մեծահոգության խորհրդանիշ անվանել, և ակնհայտ է, որ Վրաստանը պետք է հպարտանա Ստալինով: Սա իմ, նաև իմ թիմակիցների կարծիքն է: Ցավոք սրտի, իմ աշխատասենյակում ես Ստալինի նկարը չունեմ փակցված, բայց տանը պատից այն կախված է, Ստալինի գրած բազմաթիվ գրքերը ևս ունեմ», - հայտարարում էր Վրաստանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը, որն, ի դեպ, «Վրացական երազանք»-ի ամենահեղինակավոր անդամներից է:

Թոփաձեն դեռ 90-ականներից վերահսկում էր երկրի գարեջրի շուկայի զգալի մասը, նա ամենահայտնի տեղական գարեջրի` «Կազբեգի» ապրանքանիշի սեփականատերն էր: 90-ականների վերջին Թոփաձեն մուտք գործեց քաղաքականություն, նրա` «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կոչվող կուսակցությունը 1999 թվականի աշնանը երրորդ տեղը զբաղեցրեց խորհրդարանական ընտրություններում:

75-ամյա Թոփաձեի` Ստալինին գովերգող հայտարարությունները, սակայն, վրդովմունքի ալիք բարձրացրեցին քաղաքական դաշտի երիտասարդ հատվածում: Ուշագրավ է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ևս իր զինակցի վիճահարույց հայտարությունները պայմանավորում էր նրա տարիքով:

«Գոգի Թոփաձեն տարեց մարդ է, և նման լեզվի սայթաքումները նրան ներելի են: Եթե նա ցանկանում է Ստալինի դիմանկարը փակցնել իր տան պատին, իր գործն է: Անձամբ ես Ստալինի որևէ նկար իմ աշխատասենյակում չունեմ, քանի որ կարծում եմ, որ Ստալինը դրական հատկություններով օժտված գործիչ չէր: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ մեր երկրի նախկին նախագահն էլ օժտված էր ստալինյան հատկանիշներով», - հայտարարում էր Իվանիշվիլին` նույնիսկ պատմական կերպարների շուրջ ծագած վեճը օգտագործելով Միխեիլ Սաակաշվիլիին քննադատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG