Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը պատգամավորին մեղադրեց «անբարո պատվեր» կատարելու մեջ


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացնում է իր տարեկան զեկույցը, 26-ը հոկտեմբերի, 2015թ.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացնում է իր տարեկան զեկույցը, 26-ը հոկտեմբերի, 2015թ.

Երկու քառօրյաների ընթացքում օմբուդսմենի 2014 թվականի զեկույցի բուռն քննարկումները այսօր ավարտվեցին թեժ մթնոլորտի կիզակետում և հեռակա կոշտ բանավեճի վերածվեցին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև:

2014 թվականի ընթացքում հազարավոր քաղաքացիների իրավունքների խախտումների մասին վկայող շուրջ 500 էջանոց զեկույցը հանրապետական պատգամավորը «փնթի և անատամ» որակեց։

«500 էջ ամբողջության մեջ խոշոր հաշվով ջուր ծեծոցի»,- հայտարարեց Ֆարմանյանը։

Հանրապետական պատգամավորը իր խոսքում մի քանի անգամ շեշտեց տարբեր ոլորտներում Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներն ու զայրացավ՝ դրանց մասին ՄԻՊ զեկույցում որևէ հիշատակություն չկա, եղածն էլ քննադատություն է:

«Եվ անկեղծ ասած՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»,- ասաց պատգամավորը։

Ֆարմանյանը օմբուդսմենին մեղադրեց պետական միջոցները անարդյունավետ ծախսելու, օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունը մսխելու, անգործության մեջ: Օմբուդսմենի զեկույցում ներկայացված որոշ խախտումներ հանրապետական պատգամավորը խիստ անլուրջ որակեց։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում միջատները կծել են դատապարտյալի ձեռքերը և ոտքերը։ Գրեիք՝ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալի քունը»,- հեգնեց Ֆարմանյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խորհուրդ տվեց դատողություն չանել՝ լուրջ է, թե՝ անլուրջ միջատների խնդիրը կալանավորի համար:

«Անբարոյական ես վրդովվել, որ մենք զեկույցում նշել ենք, որ կալանավորներին միջատները կծոտում են։ Մեկ գիշեր այդ նույն պատգամավորը որ անցկացնի քրեակատարողական հիմնարկում, կհասկանա, թե ինչ է նշանակում մտածել կծոտող միջատի մասին»,- ասաց Անդրեասյանը։

Օմբուդսմենը շեշտեց՝ այս օրերին խորհրդարանի ամբիոնից հնչած ելույթներում անարդար քննադատությունը շատ է եղել, սակայն պատգամավորներից միայն մեկի շարժառիթներն են, Անդրեասյանի բնորոշմամբ, կեղտոտ:

«Այս դահլիճում ես անձնական թշնամիներ չունեմ։ Չունեմ նույնիսկ այդ մեկի հետ, բայց եթե մարդը կարողանում է իջնել այդ մակարդակին և այդպիսի ելույթ ունենալ, ես ենթադրում են, որ էնտեղ կա մարդ, ում ոտքը ես տրորել եմ։ Եվ ես գիտեմ այն ոտքը, որ ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել։ Ես սրա մասին խոսում եմ այն պատճառով, որ պաշտպանեմ նաև մյուսներին այդ անբարո մարդու պատվերներից այլոց նկատմամբ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց օմբուդսմենը։

Կարեն Անդրեասյանը, ով իր զեկույցի քննարկման օրերի ընթացքում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից քննադատության ենթարկվեց խորհրդարանում, հայտարարեց՝ գիտակցում է, չունի քաղաքական թիմ։

«Ես չունեմ այդ թիմը և չունեմ մարդիկ, ովքեր ինձ համար կկանգնեին և այստեղ ում պետք է իրենց տեղը ցույց կտային։ Եվ հենց դրա համար է երևի, որ իմ զեկույցները այս տեսակի արձագանքներ են ունենում»,- նշեց նա։

Սակայն օմբուդսմենն ասաց՝ ունի իր ռեսուրսը և հույսը դնում է հավատի, Սահմանադրության և սովորական մարդկանց վրա։ «Եվ այդ մարդիկ իմ խղճի հետ միասին ինձ թույլ են տալիս փողոցում հանգիստ քայլել՝ պարզ ճակատով, չմտածել այն բոլոր պիտակների կամ դրանցից որոշների մասին, որոնք այս օրերին ես լսեցի, որովհետև ես գիտեմ, որ արել եմ առավելագույնը, որ կարող էի անել իմ պաշտոնավարման ընթացքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG