Մատչելիության հղումներ

Ըստ Ոստիկանության՝ այսօր հրապարակած ցուցակների, այսօր Հայաստանում քվեարկելու իրավունք ունի մոտ 2.5 միլիոն քաղաքացի:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատում ներկայացված թվերը խիստ ուռճացված են համարում:

«Հայաստանի ընտրական ցուցակներում կա 800 հազար ավել մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են, այլ երկրներում են բնակվում, Հայաստանում չեն 10-15 տարի», - հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա պնդմամբ՝ վերջին 20 տարիների վիճակագրությունն իսկ փաստում է, որ ցուցակները «հեռու են իրականությունից»․ - «Հայաստանը 1991 թվականին ունեցել է 1.2 միլիոն քվեարկող: 1.5 միլիոն արտագաղթից հետո Հայաստանում, երբ որ իրականում այսօր կա մոտավորապես 2 միլիոն մարդ, ընտրական ցուցակներում կա 2 միլիոնից ավելի ընտրող: 15 տարի ընդամենը երկու-երեք պահանջ ենք ներկայացնում՝ հաջորդ օրը տպեք ցուցակները․․․ Չեն անում, որովհետև իրենց միակ ռեսուրսն է կեղծելը»:

Ինչո՞ւ, ինչպե՞ս և ո՞ւմ համար է փոփոխվում Սահմանադրությունը․ այս հարցերի շուրջ միջազգային կառույցների ներկայացուցիչների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ կազմակերպված խորհրդաժողովին այդ փոփոխություններին ընդդիմացող քաղաքական ու քաղաքացիական ուժերի ներկայացուցիչները ստիպված էին խոսել միայնակ․ նախապես հրավիրված մասնագիտական հանձնաժողովի անդամներից ու իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունից ոչ մեկը այդպես էլ չներկայացավ:

«Մենք ունենք շատ հարցեր, բայց չունենք պատասխաններ: Այսինքն Սահմանադրության փոփոխությունների այս գործընթացը մի հետաքրքիր օրինաչափություն ունի՝ փչացած հեռախոսի տարբերակը: Երբ որ դու բարձրաձայնում ես խնդիրներ, բայց լսողը, որը պետք է պատասխանի, չի պատասխանում, չի արձագանքում», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Փոփոխությունների ընդդիմախոսները ընդգծեցին նաև, որ հասարակությունը ներգրավված չէր փոփոխությունների մշակման գործընթացում․ նախագիծը մշակել են բացառապես Սերժ Սարգսյանի ստեղծած հանձնաժողովների անդամները:

Նրանք ընդգծեցին նաև, որ զրկված են քարոզչության հնարավորությունից: Արթուր Սաքունցն ասաց․ - «Հայաստանի Հանրապետության բնակչությունը զրկված է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումից, որի թիվ մեկ ապահովող մարմինը պետք է լիներ Հանրային հեռուստաընկերությունը»:

XS
SM
MD
LG