Մատչելիության հղումներ

ՌԴ-ն հայտարարել է, որ Սիրիայում ռուս զինծառայող է ինքնասպան եղել. Ծնողները չեն հավատում


Մահացած զինվորի լուսանկարը սոցիալական ցանցում

Մահացած զինվորի լուսանկարը սոցիալական ցանցում

Ռուսաստանը պաշտոնապես հաստատեց Սիրիայում ռուսաստանցի զինծառայողի մահվան լուրը՝ հայտարարելով, թե նա ինքնասպանություն է գործել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը այսօր հաղորդել է, որ Սիրիայում ռուսական օդուժի ռազմակայանում տեխնիկական անձնակազմի պայմանագրային զինծառայողը ինքնասպանություն է գործել:

«Ըստ նախնական ուսումնասիրության՝ զինծառայողի տեքստային հաղորդագրությունները վկայում են, որ ինքնասպանության պատճառը ընկերուհու հետ անձնական հարաբերություններում խնդիրներ են»,- ՌԴ պաշտպանության նախարարությունից ասել են «Ինտերֆաքս»-ին:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ 19-ամյա զինծառայող Վադիմ Կոստենկոյի՝ Կրասնոդարում բնակվող ընտանիքը հայտնել էր, որ իրենց որդին Սիրիայում մահացել է, բայց չգիտեն ինչի հետևանքով: Սեպտեմբերի 30-ից հետո, երբ սկսվեցին ռուսական ավիահարվածները, Կոստենկոն Սիրիայում մահացած առաջին զինծառայողն է, ում մահվան մասին պաշտոնապես հայտարարվում է:

Նրա ծնողները՝ Ալեքսանդր և Սվետլանա Կոստենկոները չեն հավատում իրենց որդու ինքնասպանության վարկածին: «Ռոյթերս»-ի հետ զրույցում նրանք ասել են, որ այն օրը, երբ Վադիմը մահացել է, հեռախոսով խոսել են նրա հետ, և նրա ձայնը առույգ էր:

«Ես երբեք չեմ հավատա ինքնասպանության վարկածին»,- ասել է մահացած զինվորի մայրը.- «Ամեն օր մենք նրա հետ կես ժամ խոսում էինք: Շաբաթ օրը նրա ձայնը առույգ էր, ուրախ, ու նա ծիծաղում էր»։

Իսկ նրա հայրն ասել է, թե «աղջկա պատճառով Վադիմը երբեք ինքնասպանության չէր դիմի»։ «Ես իմ որդուն լավ գիտեմ»,- ասել է Ալեքսանդր Կոստենկոն:

Ծնողներին փոխանցվել է, որ նրանց որդին հոկտեմբերի 24-ին կախվել է: Պայմանագրային զինծառայող Վադիմ Կոստենկոն պայմանագիրը ստորագրել էր հունիսի 20-ին: Սեպտեմբերի 14-ին օդանավով նրան տեղափոխել էին Սիրիա: Ծնողները այդ մասին իմացել էին, երբ նա արդեն Սիրիայում էր:

Ավելի վաղ հաղորդվել էր մարտական գործողություններում ռուսաստանցիների զոհվելու մասին։ Մասնավորապես, հոկտեմբերի 20-ին Սիրիայի կառավարության բանակի զինվորականներից մեկը «Ռոյթերս»-ին ասել էր, թե հրետակոծության արդյունքում երեք ռուսաստանցի է զոհվել: Մեկ այլ անանուն աղբյուր հոկտեմբերի 23-ին «Ուոլ Սթրիթ Ջորնըլ»-ին ասել էր, թե ռուսաստանցի մեկ զինծառայող է զոհվել զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Ռուսաստանը կտրուկ հերքում է այս լուրերը: Նախկինում Մոսկվան պնդում էր, որ Սիրիայում ռուսաստանցի զինծառայողները ցամաքային ռազմական գործողություններին չեն մասնակցում՝ միաժամանակ հաստատելով, որ Սիրիայում ռուսաստանցի զինվորական մասնագետներ կան, որոնք Ասադի բանակին սովորեցնում են մատակարարված ռուսական սպառազինությունները յուրացնել։ Իսկ օգոստոսին, երբ ռուսները սկսել էին Լաթաքիայի օդանավակայանը ակտիվորեն վերակառուցել օդուժի համար, արևմտյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ այդ տարածքում զինվորական ստորաբաժանումներ կան, ու դատելով զինտեխնիկայի տեղակայված դիրքից՝ նշվում էր, որ նրանք ռազմակայանը հարձակումներից պաշտպանելու համար են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG