Մատչելիության հղումներ

Ուկրաինան վերստին բաժանվում է «նարնջագույն» և «կապույտ» մասերի


Ուկրաինա - Իրադրությունը ռազմական գոտում հոկտեմբերի 27-ի դրությամբ
Ուկրաինա - Իրադրությունը ռազմական գոտում հոկտեմբերի 27-ի դրությամբ

Անցած կիրակի օրը Ուկրաինայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների «էքզիթ փոլերի» արդյունքները վկայում են, որ նախագահ Պետրո Պորոշենկոյի ղեկավարած դաշինքը երկրի արևմտյան և կենտրոնական շրջաններում պահպանել է գերակայող դիրքերը, սակայն հարավում և արևելքում ընտրողները նախապատվությունը տվել են «Ընդդիմադիր» կուսակցությանը։

Այդ կազմակերպությունը ստեղծել են բացահայտ ռուսամետ կողմնորոշում որդեգրած նախկին իշխող կառույցի` Ռեգիոնների կուսակցության անդամները։

Պորոշենկոն գովեստով է խոսել «էքզիթ փոլերի» արդյունքների մասին և ասել է, թե դրանք ապացուցում են, որ Ուկրաինայի նկատմամբ հսկողությունը վերականգնելու Ռուսաստանի փորձը ձախողվել է։

«Ուկրաինայում ռուսամետների հինգերորդ շարասյուն ստեղծելու Մոսկվայի ծրագիրը տապալվել է։ Այս ընտրություններով ուկրաինական հասարակությունն անցել է Ռուբիկոնը, վերադարձ դեպի անցյալ այլևս չկա»,- ասել է Պորոշենկոն։

Երեկ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ առայժմ ամփոփել է քվեաթերթիկների ընդամենը 30 տոկոսը։

Ընդհանուր հաշվով, հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի ավելի քան 10 հազար 700 գյուղերում, ավաններում և քաղաքներում տեղի են ունեցել տեղական խորհուրդների և քաղաքապետերի ընտրություններ։ Դրանց վերջնական արդյունքները հայտնի կդառնան հաջորդ չորեքշաբթի օրը` նոյեմբերի 4-ին։ Երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի կեսին։ Ընտրություններին մասնակցել է ավելի քան 130 կուսակցություն։

Քվեարկություն, բնականաբար, չի եղել Ղրիմում և արևելյան շրջաններում՝ ռուս անջատականների կողմից հսկվող տարածքներում, իսկ Մարիուպոլում քվեարկությունը դադարեցվել է, քանի որ ի հայտ են եկել աղաղակող խախտումներ։

Արևելյան այն հատվածներում, որոնք Ուկրաինայի բանակը կարողացել է հետ գրավել, «Ընդդիմադիր» կուսակցության կողմից առաջադրվել են նախկին անջատականները։ Պորոշենկոյի դաշինքը հուսով էր այդ շրջաններում ամրապնդել դիրքերը, սակայն, ըստ «էքզիթ փոլերի», հաջողության չի հասել։

«ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դատելով, կարող ենք ասել, որ երկիրը նորից բաժանվում է «նարնջագույն» և «կապույտ» հատվածների»,- ասել է վերլուծաբան Վլադիմիր Ֆեսենկոն։

Մի շարք խոշոր քաղաքներում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։ Կիևում առաջատարը գործող քաղաքապետ, Պորոշենկոյի դաշնակից Վիտալի Կլիչկոն է։

Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդում մեծամասնություն է կազմել մեծահարուստ Իգոր Կոլոմոյսկու հովանավորած քաղաքական կառույցը, իսկ քաղաքապետի պաշտոնում նրա առաջադրած թեկնածուն անցել է երկրորդ փուլ։

Մինչդեռ, պատերազմական գործողությունները չեն դադարել։ Երեկ Դոնեցկի օդակայանի մոտակայքում ռուս անջատականների արձակած կրակահերթից սպանվել է Ուկրաինայի բանակի զինծառայողը։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար։ Անցած 18 ամիսների ընթացքում սպանվել է ավելի քան 8 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG