Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում քննարկել են սահմանին տիրող իրավիճակը


Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի

Երևանից Ստեփանակերտ մեկնած Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպել են նախագահ Բակո Սահակյանին։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ բանակցությունների գլխավոր հարցը սահմանին տիրող իրավիճակն է եղել։

«Քննարկվել են հակամարտության կարգավորման հեռանկարները, բայց քանի որ հեռանկարները շատ հեռավոր ապագայի խնդիր են, և անհրաժեշտ է դեռևս լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի սահմանին լարվածությունը թուլանա, հիմնական շեշտը, բնական է, դրվել է հենց այս խնդրի վրա։ Առանց իրավիճակը կայունացնելու խոսել հակամարտության կարգավորման հեռանկարների մասին ուղղակի ճիշտ չէ և տեղին չէ»,- ասաց Բաբայանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները վտանգում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը։

«Պաշտոնական Ստեփանակերտը ներկայացրել է, թե ինչ է կատարվում սահմաններում՝ Ադրբեջանի կողմից այդ կոպիտ խախտումները, ծանր զինատեսակների օգտագործումը, նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ մշակել, որպեսզի մշտադիտարկումները լինեն ավելի էֆեկտիվ, և միջնորդները կարողանան ավելի խորը պատկեր կազմել իրավիճակի մասին»,- նշեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Դավիթ Բաբայանի խոսքով, Ղարաբաղի իշխանությունները Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներին բարձրաձայնում են նաև Ստեփանակերտի՝ բանակցություններին մասնակցելու անհրաժեշտության հարցը՝ ընդգծելով, որ ներկայիս ձևաչափը խեղաթյուրված են համարում։

«Բայց հիմա կանգնել ենք այսպիսի ծանր իրավիճակի առջև՝ մի կողմից խեղաթյուրված ձևաչափով, բայց բանակցային գործընթացի շարունակում, մյուս կողմից՝ դրա տապալում։ Քանի որ ավելի նախընտրելի է բանակցային գործընթացի շարունակումը, և ի վերջո սա նաև Արցախի դիրքերն է ամրապնդում, որովհետև ի վերջո միջազգային հանրությունը մի օր գալու է այն եզրակացության, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհնարին է կարգավորել հակամարտությունը, հիմա մենք սպասում ենք։ Իհարկե, ձեռքներս ծալած չենք սպասում, աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց գալու է մի օր, երբ այդ ձևաչափը վերականգնվելու է։ Առանց դրա ուղղակի անհնարին է այս հակամարտության կարգավորումը»,- ասաց ղարաբաղցի պաշտոնյան։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ քանի որ այս փուլում բանակցային գործընթացում լուրջ առաջխաղացում չկա, էական չէ, որ Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ իր տեղը չունի։ Այնուամենայնիվ, քաղաքագետը ընդգծում է, որ Մինսկի խմբի համանախագահները ևս կողմ են, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանին հատկապես հակամարտության կարգավորման ավելի կարևոր փուլում։

«Եվ դրանով է նաև պայմանավորված այն հանգամանքը, որ համանախագահները հանդիպում են յուրաքանչյուր հարմար առիթի ժամանակ և՛ Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ղեկավարների հետ, և՛ նաև լինում են Ստեփանակերտում՝ տեղում հասկանալով իրավիճակը և տեղական իշխանությունների մոտեցումները»,- ասաց Մինասյանը։

Այսօր Ղարաբաղի ղեկավարների հետ հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները դիտարկել են իրավիճակը շփման գծում, որի ավարտին արդեն գրանցվել է գնդակոծություն՝ ավտոմատ հրազենից, ադրբեջանական կողմից՝ ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին պնդում է, թե կրակ է բացել հայկական կողմը:

Միջադեպին իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Երբ մենք հատում էինք շփման գիծը, կրակահերթը ստիպեց ԵԱՀԿ-ի դիտորդներին պատսպարվել: Դա անընդունելի է»,- գրել է նա։ Ուորլիքը չի հստակեցրել, թե որ կողմից են հնչել կրակոցները:

XS
SM
MD
LG