Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի՝ «եթե Հայաստանում իշխանափոխություն լինի»


Հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողը Ազգային ժողովի այգում

Հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողը Ազգային ժողովի այգում

Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի խոսքով, իշխանությունները շահագրգռված չեն գործի բացահայտմամբ։

Խորհրդարանի այսօրվա նիստը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սկսեց օրակարգային հարցերից, ինչը ոչ միայն ընդդիմադիրների, այլև կուսակից հանրապետականների դժգոհությունը առաջացրեց. դահլիճից հիշեցրեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտության մասին։

Արձագանքելով, թե դա «խախտում է»՝ Սահակյանն ասաց․ - «Ես, իհարկե, ամենաշահագրգիռն եմ, բայց 27-ի համար մենք արարողություն կատարել ենք: Եթե այդ ցանկությունը կա, հարգենք մեր զոհերի հիշատակը»:

Նիստից առաջ խորհրդարանի այգում գտնվող հուշակոթողի մոտ հիշատակի միջոցառում էր կազմակերպվել, որի ժամանակ Գալուստ Սահակյանը ասաց, որ գործը բացահայտված չէ, բայց՝ ոչ քաղաքական կամքի բացակայության պատճառով․ - «Հիմա իրողությունները քաղաքական կամքով չեն բացահայտում: Իրավական փաստարկներով են բացահայտում, որը չունենք: Գործը ինչ-որ ժամանակ կբացահայտվի: Դա կախված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից»:

Սպանվածների հարազատները այսօր Եռաբլուրում ու Պանթեոնում էին։ Ողբերգությունից 16 տարի անց նրանք պնդում են, որ գործը կբացահայտվի միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։

Վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի խոսքով, իշխանությունները գործի բացահայտմամբ շահագրգռված չեն․ - «Չեմ տեսնում նույնիսկ գործընթաց, որը փորձի հաղթահարել Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում տեղ զբաղեցնող քաղաքական ճգնաժամը։ Այսինքն, այս իշխանությունները չեն փորձում արդար ընտրություններ անցկացնել: Էս իշխանություններն ասում են հանրաքվե, բայց ձեր ու իմ կարծիքն իրենց չի հետաքրքրում, իրենք այդ կարծիքը նկարում են»:

Նույն կարծիքին է նաև 1999-ի այս օրը խորհրդարանի նիստերի դահլիճում սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը՝ պնդելով, թե գործը կոծկելու մասին բազմաթիվ փաստեր կան․ - «Զոհվածների հիշատակը պետք է հարգենք մեր պետությունը կայացնելու, Հայաստանը մրցունակ պետություն դարձնելով և, իհարկե, լիարժեք բացահայտումով»:

Ստեփան Դեմիրճյանը և Արամ Սարգսյանը դեռ Պանթեոնում էին, երբ ժամանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ արժանանալով հավաքվածների ակնհայտ սառը ընդունելությանը։

Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը վստահ են՝ եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, Հայաստանը տարածաշրջանում ազդեցիկ երկիր կլիներ։

Արամ Սարգսյանի խոսքով, գործող իշխանությունները սեփական պաշտոնի համար անգամ անկախությունն են օր-օրի օտարներին վաճառում․ - «Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու։ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի և դիզվառելիքի բիզնեսով: Օլիգարխները կես միլիոնանոց մեքենաներով ու թիկնազորով չէին ֆռֆռա էս երկրում, պետության սեփականությունը պարտքի դիմաց չէր հանձնվի օտարին։ Ինչպես եղբայրս էր ասում՝ 30-50 տարվա ծրագիր կունենար Հայաստանը ու էդ ծրագրին հասնելու նպատակաուղղվածություն»:

Սպանվածների հարազատները մեղավորների ենթադրյալ անուններ չասացին՝ պնդելով, որ ամեն ինչ պետք է օբյեկտիվ դատաքննությունը պարզեր, ինչը չեղավ։

Փոխարենը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ խմբակցություն) այսօր խորհրդարանում պնդեց, թե Հոկտեմբերի 27-ի համար մեղավոր է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ ազգային անվտանգության նախարարն էր․ - «Դա Սերժ Սարգսյանի անձնական պատասխանատվությունն էր, և, այո՛, Սերժ Սարգսյանը, ազգային անվտանգության նախարար լինելու բերումով, պատասխանատվություն է կրում Հոկտեմբերի 27-ի մասին՝ առնվազն պետական պաշտոնյաների և մարմինների անվտանգությունը պատշաճ ձևով չապահովելու համար»:

XS
SM
MD
LG