Մատչելիության հղումներ

Մատենադարանում մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը


Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյան

Այս տարի «Վերածնված մշակույթ, վերածնված ձեռագրեր» խորագրի ներքո անցնող գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ՝ միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, արխիվագետներ և այլն: Քննարկումների առանցքում դարերի խորքից ներկա սերունդներին ժառանգված գրավոր պատմամշակութային գանձերը՝ հինավուրց ձեռագրերը, վերականգնելու և պահպանելու հրատապ խնդիրներն են:

Մասնակիցների թվում են Միացյալ Նահանգներից, Ավստրիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լատվիայից, Վրաստանից հրավիրված առաջնակարգ մասնագետներ, որոնցից գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն 15 տարի բարեգործական հիմունքներով Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը վերականգնելու համար կպարգևատրվեն Ոսկե մեդալով:

Երկօրյա գիտաժողովի օրերին կհնչեն ավելի քան 2 տասնյակ բանախոսություններ, կանցկացվեն գործնական աշխատանքներ ու պարապմունքներ: Գիտական տարբեր կենտրոնների հետ համագործակցության նոր պայմանագրեր կկնքվեն, տեղի կունենա Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Լիդովի վերջերս հրատարակած «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը:

Գիտաժողովի բացման կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում Մատենադարանի ղեկավարները հանգամանալիորեն ներկայացրին, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվել այս ծրագրի շրջանակներում վերջին 5 տարիների ընթացքում:

Մատենադարանի տնօրենի խորհրդական, գիտաժողովի ղեկավար Արա Խզմալյանն նշեց, որ գիտաժողովի շրջանակներում համագործակցել են եվրոպական և ԱՊՀ երկների շուրջ յոթ տասնյակ թանգարանների, գրադարանների, արխիվների և վերականգնողական կենտրոնների հետ․ - «Այս նախաձեռնության կարևորությունը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ սովորաբար ամեն սեմինարից հետո մեր մասնակիցները, գործընկերները իրենց երկրներում կազմակերպում են սեմինարներ սեմինարի մասին և փոխանցում են իրենց աշխատակիցներին այն գիտելիքները, այն նորությունները, որ ձեռք են բերել Մատենադարանում»:

Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը այս ծրագիրը հաջողված է համարում՝ նշելով, որ այն շարունակական է լինելու․ - «Գնալով դա մեծացնում է և՛ Մատենադարանի ձգողականությունը, և՛ միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Մեզ մոտ ավելի շատ գալիս են սովորելու, քանի որ նորագույն տեխնոլոգիաներ են մշակվում պահպանման և վերականգնման ասպարեզում, որոնցում օգտագործվում են մեր ձեռագրերում պահպանված միջնադարյան բաղադրատոմսերը: Դրանք մեր մասնագետները վերծանում են, դրանց հիման վրա ստանում են կենսանյութեր, կենսահեղուկներ, որոնք օգտագործվում են ձեռագրերի վերականգնման մեջ»:

XS
SM
MD
LG