Մատչելիության հղումներ

Սնկից 6 երեխա է թունավորվել, մեկը՝ 10 ամսական


Առողջապահության նախարարությունը Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել:

«Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Առողջապահական գերատեսչությունը նշում է, որ դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում: Տուժած երեխաներին, որոնցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է, բժշկական կենտրոնում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ՝ հիվանդների վիճակը բավարար է. երեքը դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման երկու դեպք էր արձանագրվել, և նման դեպքերից խուսափելու նպատակով կրկին զգուշացնում է. - «Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ; չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր; սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում; թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի»: Նախարարությունը հիշեցնում է, որ սնկային թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG