Մատչելիության հղումներ

Օձունի հոգևոր հովիվ․ «Մեր երկիրը լուրջ հոգևոր, բարոյական խնդիր ունի»


Տեր Վրթանես քահանա Բադալյան
Տեր Վրթանես քահանա Բադալյան

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը միակն է Օձունում, որ ընդունում ու ճանապարհում է բոլոր հյուրերին, ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև քաղաքական գործիչներին՝ անկախ նրանց ընդդիմադիր կամ իշխանամետ հայացքներից։

«Եկեղեցականն էլ էս երկրի քաղաքացին լինելով, ազատ ա իրա ազատ կարծիքը արտահայտելու, մարդկանց դիմավորելու, ընդունելու։ Եվ իմ համար խնդիրը իրենց ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը չէ։ Եթե գյուղ են գալիս մարդիկ, եկել են՝ իրենց նախընտրական ծրագրերին մեզ ծանոթացնելու, ներկայացնելու, և, ասենք, գյուղապետը, ինքը, հանրապետական լինելով, պատշաճ չի, որ ընդդիմադիր գործչին դիմավորի, ասենք, եթե Տեր Հայրն ա դիմավորում, չի նշանակում, որ մենք միմյանց դեմ ենք։ Այսինքն, էդ մարդուն պիտի ինչ-որ մեկը դիմավորի, որ պատշաճ մեր համայնքում ընդունենք-ճանապարհենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օձունի հոգևոր հովիվը։

Քահանան վստահ է. սահմանադրական հանրաքվեից առաջ կկանգնի թե՛ «այո»-ի ու թե՛ «ոչ»-ի կողմնակից քաղաքական գործիչների կողքին։ Նա կարևոր է համարում, որ գյուղացին լիարժեք տեղեկացված լինի, թեև իր համար անհասկանալի ու անընդունելի է օրենքներ փոխելու համար կատարվող միլիոններ ծախսելը։

Հանրաքվե նախաձեռնողներից հեռու՝ Օձուն գյուղում արդեն 9 տարի եկեղեցուն ծառայող քահանան տեղեկացել է, որ սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար կծախսվի մոտ 2 միլիարդ դրամ, ու զարմացել․ - «Ես ինքս իմացա, որ էդ բարեփոխումները պետության վրա մեծ գումար են արժենում։ Էդ գումարի ծախսումը ես չեմ հասկանում ինչի վրա ա ծախսում։ Ես կուզենամ, ոչ թե մեր պետությունը տա ինչ-որ օրենքներ բարեփոխելու գործին և արդյունքում էլ բան չբարեփոխվի, այլ գոնե եկեղեցիների ու վանքերի վերականգնման համար ներդրում արվի պետության կողմից»։

Տեր Վրթանեսը չորս երեխա է մեծացնում։ Նրանք գյուղում խմբակներ են հաճախում՝ նվագել, նկարել ու օտար լեզուներ սովորում։ Գոհ է․ այստեղ պարապմունքներն անհամեմատ էժան են, իսկ գյուղում ապրելը՝ ավելի անվտանգ։

Տեր Վրթանեսն իր տնամերձում մեղու է պահում ու հող մշակում։ Մոտիկից ծանոթ է գյուղացու խնդիրներին․ - «Քո տարեկան ամբողջ բերքն ստանալուց հետո, եթե երկու-երեք անգամ գնաս Երևան գաս ու երկու արագաչափ էլ քեզ նկարի, քո ամբողջ բերքը էդ երկու արագաչափի արժեքը հազիվ կվճարեն»։

Ինքն էլ մեկ անգամ արագաչափի դիտակետում է հայտնվել՝ 10 հազար դրամով տուգանվել․ - «Իմ համար էդ 10 հազար դրամի վճարը բավական թանկ էր։ Չգիտեմ, էս երկրում երևի մարդիկ կան, իրենց համար 10 հազար դրամի էդ ակտը մեծ չի, բայց կոնկրետ իմ համար մեծ էր, և, բնականաբար, նեղվեցի»։

Տեր Վրթանեսը դեմ է եղել նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Այս ամենն իմի է բերում ու եզրակացնում. Հայաստանում սահմանադրության, անգամ լավ սահմանադրության պակաս չկա։

Նրա խոսքով՝ Հայաստանում խաթարվել են բարոյական օրենքները․ - «Օրենքը պիտի կատարողներ լինեն։ Եթե մարդը չի ուզում վիճակը բարելավի, չի ուզում ծառայի, չի սիրում իր նմանին, չի սիրում Աստծուն, իր սրտում, իր հոգում Աստված չունի, ինքը չի փորձում բարոյական կյանքով ապրի, իրեն որևէ օրենք էլ, որևէ օրենսդրական բարեփոխում էլ չի կարող փոխել։ Մեր երկիրը լուրջ հոգևոր, բարոյական խնդիր ունի։ Թե նախագահական կլինի երկրի կառավարումը, թե խորհրդարանական, սա մեծ բան չի փոխի՝ եթե մենք քրիստոնեական, բարոյական կյանքով ապրենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG