Մատչելիության հղումներ

Մոսկվան հաստատում է՝ սիրիական ընդդիմության հետ բանակցություններ է անցկացնում


Միխայիլ Բոգդանովը Սիրիայում, արխիվ

Միխայիլ Բոգդանովը Սիրիայում, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ իր համակրանքը չթաքցնող պաշտոնական Մոսկվան հաստատում է՝ սիրիական ընդդիմության հետ բանակցություններ է անցկացնում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կրեմլի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցչի հետ, մանրամասն քննարկել Սիրիայում և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով քաղաքական գործընթացների ակտիվացման անհրաժեշտության և սիրիական հակամարտության կարգավորման վրա։

Ավելի վաղ «Սիրիայի ազատագրական բանակի» հիմնադիրներից մեկը՝ Ֆահ Թալ Մասրին դիմել էր Ռուսաստանին խնդրանքով՝ բանակցություններ անցկացնել Սիրիայում հնարավոր համատեղ գործողությունների շուրջ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, իր հերթին, պատրաստակամություն էր հայտնել համագործակցելու՝ հայտարարելով, թե ռուսական օդանավերը պատրաստ են աջակցել «Սիրիայի ազատագրական բանակին» ահաբեկչության դեմ պայքարում։

Մինչդեռ արևմտյան մամուլի հետ զրույցներում Ասադի հակառակորդներն այլ բան են ասում. France-Presse-ի հետ զրույցում, օրինակ, սիրիական ընդդիմության գլխավոր քաղաքական օղակը համարվող ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Սամիր Նաշարը հերքել է Ռուսաստանի և Սիրիայի չափավոր ընդդիմության միջև համագործակցությունը։ «Ռուսները լավ կանեն նախևառաջ դադարեցնեն ընդդիմությանը ռմբակոծելը», - France-Presse-ին ասել է սիրիացի ընդդիմադիրը։

«Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում «Սիրիայի ազատագրական բանակի» ներկայացուցիչ Յասի ալ-Հաջին, մեկնաբանելով Ռուսաստանի` համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունները, համոզմունք է հայտնել, թե Կրեմլի ուզածն այլ բան է։

«Ռուսական ղեկավարությունը պետք է ազնիվ լինի իր ժողովրդի առաջ։ Նրանք չեն ուզում աջակցել Սիրիայի ժողովրդին, նրանք միայն ցանկանում են օգնել Բաշար Ասադին», - ասել է ալ-Հաջին՝ հավելելով. - «Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարում ենք մենք։ Ռուսաստանը երբեք օգնության ձեռք չի մեկնել, իսկ եթե որոշի պայքարել ահաբեկչության դեմ, ապա մենք պատրաստ ենք նրանց հետ աշխատել, սակայն մինչ այդ նրանք պետք է հստակ հասկացնեն, որ շահագրգռված չեն Ասադին օգնելու հարցում և չեն պատրաստվում թույլ տալ նրան հետագայում էլ ղեկավարել Սիրիան»։

XS
SM
MD
LG