Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ալավերդի քաղաքի բնակչի նկատմամբ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում ասված է․ - «Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Անտոնյանը 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վ. Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի «91 OT 999» պետհամարանիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի «92 NM 999» համարանիշի ավտոմեքենաները։ Նախնական քննության տվյալներով՝ Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա, հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին` Ախթալա քաղաքի կամջրի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. «Համեր» մակնիշի ավտոմեքենան եղել է զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում»:

Հոկտեմբերի 20-ին որոշում է կայացվել Անտոնյանին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով («մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու և ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով») և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG