Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի, սակայն, չմասնակցելու դեպքում էլ ընտրողների մի մեծ զանգված ուղղակի կզրկվի քվեարկելու իր իրավունքից։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, նույնականացման քարտերով քվեարկության մասնակցելու դեպքում մտահոգություն կա, որ «կառաջանա կրկնաքվեարկության հնարավորություն»։

«Մարդիկ ունեն սովորական անձնագրեր, դրան ավելանում է, եթե օրենքի նախագիծն անցնի, նաև նույնականացման քարտերը, իսկ նույնականացման քարտով քվեարկության գնալիս նրա վրա դրոշմակնիք չի դրվելու, դեռ կարգավորումներ չկան որպես այդպիսին, իսկ անձնագրում դրվում էր դրոշմակնիք, որը հաստատում էր տվյալ ընտրությանը կամ այս հանրաքվեին մարդու մասնակցության մասին։ Այս դրոշմակնիքի բացակայությունը հնարավորություն կտա, որ մարդը մեկ անգամ քվեարկի նույնականացման քարտով, մեկ անգամ քվեարկությանը մասնակցի անձնագրի միջոցով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրանյանը։

Իրավախորհրդատուն, սակայն, նշեց նաև հակառակ հանգամանքը, որ եթե նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորություն չտան, ընտրողների մի մեծ զանգված ուղղակի կզրկվի քվեարկելու իր իրավունքից։

«Եթե Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս քվեարկություն կատարել նույնականացման քարտով, թույլ չի տալիս քվեարկություն կատարել կենսաչափական անձնագրով, իսկ մարդկանց շատ մեծ զանգված անձնագրի ժամկետը լրանալու կամ այլ հիմքով արդեն փոխել է անձնագիրը և ստացել նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր, ստացվում է, որ անձն իր ձեռքին չունի այն փաստաթուղթը, որով պետք է մասնակցի քվեարկության։ Այս պարագայում էլ, եթե նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորություն չտան, ընտրողների մի մեծ զանգված ուղղակի կգնա ընտրատեղամաս և կմնա առանց քվեարկելու իրավունքի», - ընդգծեց Հերիքնազ Տիգրանյանը:

Հարցին, թե վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կարելի էր դնել այս նախագծի հիմքում, որ չեն դրվել, և ի՞նչ առաջարկներ ունեն իրենք, հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն պատասխանեց. - «Այն քաղաքացիները, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտով, կարելի էր ուղղակի նշում անել ընտրացուցակում այնպես, ինչպես առաջարկում ենք, որ կարելի է հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց էլ նշում կատարել, որ նրանք բացակայում են հանրապետությունից։ Հետագա դիտարկման համար գոնե պետք է հստակ տեսնենք, թե գոնե ընտրացուցակներում ովքեր են մասնակցելու ընտրություններին նույնականացման քարտով»։

Հիշեցնենք, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը անցած ուրբաթ ​դրական եզրակացություն տվեց նույնականացման քարտով քվեարկություն նախատեսող օրինագծին։ Ընդ որում, ըստ օրինագծի, նույնականացման քարտ ստացած ավելի քան կես միլիոն քաղաքացու քվեարկության մասին վկայող որևէ դրոշմանիք չի դրվելու: Ազգային ժողովը երեկ մերժեց քննարկման դնել Տիգրան Ուրիխանյանի օրինագիծը, որով պատգամավորը առաջարկում էր ոչ միայն քվեարկելու հնարավորություն տալ նույնականացման քարտ ունեցող ընտրողներին, այլև հատուկ սարքերի միջոցով բացառել կրկնաքվեարկությունը:

XS
SM
MD
LG