Մատչելիության հղումներ

«Պուտինի հանճարի առասպելը»


Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլ, արխիվ
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլ, արխիվ

Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանը քննադատում է Ռուսաստանի նախագահի քաղաքականությունը:

Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնած օդային գրոհներից հետո որոշ մեկնաբաններ նախագահ Վլադիմիր Պուտինին «հանճարեղ ռազմագետ» են անվանել, սակայն իրականում նա ոչ ռազմագետ է, ոչ էլ, առավել ևս, հանճար․ դա առասպել է։ The New York Times-ում հրապարակած հոդվածում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլը։

Նրա համոզմամբ, հինգ տարի առաջ Ռուսաստանը շատ ավելի ամուր վիճակում էր, իսկ այսօր Պուտինը «խաղում է, որ պաշտպանվի, և բազմապատկում է միջազգային քաղաքականության ժամկետանց մոտեցումներից բխող անհաջող որոշումների թիվը»։

ՄըքՖոլը Միացյալ Նահանգներին և դաշնակիցներին խորհուրդ է տալիս «իրականացնել համապարփակ ռազմավարություն, որը թույլ կտա նվազագույնի հասցնել Ռուսաստանի գործողությունների բացասական հետևանքները և ամրապնդել Արևմուտքի քաղաքականության դրական արդյունքները»։

Պուտինը «արաբական գարունը» և Ուկրաինայում բողոքների ալիքը համարել է «Ամերիկայի դավադրության» հետևանք և որոշել է ուժ կիրառել։ Երկրի ներսում նա խոչընդոտներ է ստեղծել ընդդիմության համար, այդ ամենի արդյունքում տնտեսական բարեփոխումները կանգ են առել, ներդրումները կրճատվել են, իսկ պետական ունեցվածքի ծավալը մեծացել է։

Պուտինը համոզված էր, որ ուկրաինական բողոքները ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն է կազմակերպել, նա վստահ էր, որ դրան ի պատասխան պետք է գրավել Ղրիմը և փորձել նվաճել Արևելյան Ուկրաինայի տարածքը։

Դրանք կարճակյաց նվաճումներ են, որոնց գինն աճում է։ Պատժամիջոցների և էներգակիրների գնանկման հետևանքով ռուսաստանյան տնտեսության ծավալը 2 տրիլիոն դոլարից իջել է մինչև 1 տրիլիոն 200 միլիարդ դոլար։ ՆԱՏՕ-ն նորից կենտրոնացել է Ռուսաստանին զսպելու վրա։

Պուտինը ստիպված հրաժարվել է «Նովոռոսիա» կոչվող գաղափարից, իսկ նրա գործակալները Արևելյան Ուկրաինայում զրկվել են բնակչության աջակցությունից և չեն կարողանում արդյունավետ պետական կառավարում ապահովել։

«Բացի այդ, Պուտինի քաղաքականության արդյունքում Ուկրաինան այլևս երբեք չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը և չի դառնա Ռուսաստանի դաշնակիցը», - գրում է Մայքլ ՄըքՖոլը։

Դառնալով Սիրիայի թեմային՝ դիվանագետը նշում է, որ 4 տարի տևող քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրի տարածքի մեծ մասն այլևս չի վերահսկվում նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից, և Պուտինին անհրաժեշտ էր միջամտել՝ իր դաշնակից բռնապետի ջախջախումը կանխելու համար։

Ռուսական օդային արշավը նպաստել է Ասադի բանակին, բայց երկարատև կտրվածքով անիմաստ է, քանի որ սոսկ օդային գրոհներով հնարավոր չէ վերականգնել Ասադի իշխանությունն ամբողջ երկրում։

«Պուտինը կարճաժամկետ մարտավարական քայլերի հմուտ վարպետ է, բայց նրա տաղանդը շատ ավելի համեստ է երկարատև ռազմավարության առումով, նրա արտասահմանյան արկածախնդրությունները վաղ թե ուշ ձախողվելու են»,- գրում է Մոսկվայում Միացյալ Նահանգների նախկին դեսպանը։

Նրա համոզմամբ, Վաշինգտոնը պետք է արագացնի Ռուսաստանի այդ ձախողումը, զենք և աջակցություն տրամադրի Ասադի դեմ պայքարող ապստամբներին, օգնի Ուկրաինային, ինչպես նաև Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։

Նախկին դեսպանի հավաստմամբ՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի հզոր, հարուստ և ժողովրդավարական պետություն, բայց տվյալ պահին միակ միջոցը, որը Ռուսաստանին կստիպի փոխել ներկայիս գործելակերպը, Պուտինի քաղաքականության զսպումն է, դրա դեմ պայքարը պետք է մղել ոչ թե այս պահին միայն Սիրիայում, այլ անընդհատ, ամբողջ աշխարհում` ռազմավարական մակարդակի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG