Մատչելիության հղումներ

Հանգստյան օրերին հայ - ադրբեջանական շփման գծում խաղաղ չի եղել


Կրակոցներ հնչել են և՛ Տավուշի, և՛ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից հատկապես Բաղանիսում են կրակոցները ուժգին եղել ու նյութական վնասներ պատճառել։

Գյուղում հիմա ճշտում են պատճառված վնասը․ նախնական հաշվարկով տուժել է 14 տուն։

Սահմանամերձ գյուղում Աննա Ալավերդյանը 3 երեխա է մեծացնում, նրանց համար նկուղում գիշերելը սովորական է դարձել: Շաբաթավերջի կրակոցների մասին Աննան ասաց․ - «Դրսում կանգնած էինք, միանգամից գյուղի վրա սկսեցին կրակել, էրեխեքին հավաքեցի, ներքևի հարկ գնացինք»:

Գնդակոծությունից ծակված տանիքից անձրևաջուրը տուն է լցվում: Ստիպված սպասելու են մինչև կառավարությունը գումար հատկացնի տանիքը հերթական անգամ նորոգելու համար։

Բաղանիսցիներն ասում են, որ մառախլապատ եղանակին, ցածր տեսանելիության պայմաններում, ադբեջանական կողմից դժվարությամբ են կարողանում նշանառու կրակ բացել, իսկ իրենց գյուղը տուժում է, որովհետև ադրբեջանական դիրքերին շատ մոտ է:

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Կարոյի տունը նույնպես վնասներ է կրել, տան շրջակայքից արդեն հավաքել են փամփուշտները։ «Լավ կապրեինք, մենակ էս կրակոցներ, բանն ա․․․ Թե յոլա կգնանք, լավ կլինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց տանտերը:

Տունը վերջերս նորոգել են, բայց ավելի շատ նկուղում են ապրում։ Տան ննջարանում անգամ մուտք ունեն դեպի գետնափոր նկուղը։

Գյուղացիների խոսքով՝ թեև կրակոցները արդեն սովորական են դարձել, միևնույն է՝ ամեն անգամ նորից վեր են թռնում, նորից նույն վախն ապրում։

«Դողացնում ենք․․․ ո՞նց անենք․․․ Գյուղը թողենք, գնա՞նք», - հուզված ասում էին նրանք:

Տավուշի ուղղությամբ կրակոցներ աշնանը հնչել էին նաև սեպտեմբերին, երբ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցում էին Մինսկի խմբի համանախագահները։

Փորձագետները օրինաչափ են համարում․ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերին զուգահեռ սահմանային իրավիճակը սովորաբար լարվում է: Այդպես է եղել նաև նախորդ այցերի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG