Մատչելիության հղումներ

Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը


Յարոսլավ Կաչինսկին համբուրում է վարչապետի թեկնածու Բեատա Շիդլոյին էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, 25-ը հոկտեմբերի, 2015թ.
Յարոսլավ Կաչինսկին համբուրում է վարչապետի թեկնածու Բեատա Շիդլոյին էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, 25-ը հոկտեմբերի, 2015թ.

Լեհական խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության համոզիչ հաղթանակով։

Փորձագետների համոզմամբ՝ սա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ Եվրոպայի համար։ Ըստ նախնական արդյունքների՝ եվրոսկեպտիկ Յարոսլավ Կաչինսկու ղեկավարած կուսակցությունը ստացել է ձայների 39.1 տոկոսը, իսկ իշխող «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը՝ 23.4 տոկոսը։

Լեհաստանը երկու ժամկետ անընդմեջ ղեկավարող կուսակցությունը պաշտոնապես ընդունել է իր պարտությունը։ Այսպիսով պահպանողական կուսակցությունը, որը ղեկավարում է Լեհաստանի նախկին նախագահ, տասը տարի առաջ ավիավթարի հետևանքով զոհված Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրը, ստանալով խորհրդարանական մեծամասնություն, կարող է կառավարություն ձևավորել ինքնուրույն։ Վերջին 26 տարվա ընթացքում ժողովրդավարական Լեհաստանում առաջին անգամ մեկ կուսակցություն հնարավորություն ստացավ առանց կոալիցիա կազմելու ղեկավարել երկիրը։

Կաչինսկին հայտարարել է, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին, փոխարենը առաջարկելով երկրում ոչ այնքան հայտնի Բեատա Շիդլոյի թեկնածությունը։ Ի դեպ, լեհական այս ընտրությունները աչքի ընկան հատկապես կին թեկնածուների առատությամբ։

«Մենք հետևելու են օրենքի տառին, բայց միևնույն ժամանակ չենք զբաղվելու վրեժխնդրությամբ կամ անձնական հաշիվներ մաքրելով»,- հայտարարել է ընդդիմադիր Կաչինսկին՝ հավելելով, որ չեն պատրաստվում աքացի տալ նրանց, ովքեր ընկել են իրենց իսկ մեղքով։

Թե՛ իշխող կուսակցության և թե՛ «Իրավունք և արդարություն» կուսակցության նախընտրական խոստումները հիմնականում վերաբերում էին սոցիալական խնդիրներին՝ նպաստների ավելացում, հարկերի կրճատում։

Եվ եթե «Իրավունք և արդարություն» կուսակցությունը իրականություն դարձնի իր նախընտրական թանկարժեք խոստումները, ապա, փորձագետների կանխատեսմամբ, Լեհաստանը մոտ ապագայում կբախվի հունական սցենարին։

Հաղթած կուսակցությունը հայտնի է Կաթոլիկ եկեղեցու հետ իր սերտ կապերով, ինչի շնորհիվ վայելում է երկրի գյուղական բնակչության համակրանքը, մինչդեռ «Քաղաքացիական հարթակ»-ին առավել հոգեհարազատ է աշխարհիկ պետության մոդելը։

Լեհաստանի կառավարման ղեկն իր ձեռքը վերցրած քաղաքական ուժը արտաքին քաղաքական առումով հանդես է գալիս Եվրամիությունում Լեհաստանի դիրքերի ամրապնդման օգտին։ Ըստ ընդդիմադիր այս կուսակցության, գործող իշխանությունները չափից շատ են խոնարհվում Բրյուսելի առջև, մասնավորապես՝ միգրանտների հարցում: Պաշտոնական Վարշավան, հիշեցնենք, համաձայնել էր ընդունել 7000 փախստական, ինչին դեմ են թե՛ պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը և՛ թե երկրի մյուս ընդդիմադիր ուժերը։

Յարոսլավ Կաչինսկին չի թաքցրել իր հիացմունքը հետզհետե ավտոկրատ դարձող Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի նկատմամբ։ Փորձագետների կանխատեսմամբ՝ Վարշավան Բուդապեշտի պես առավել կոշտ դիրքորոշում կորդեգրի միգրացիոն ճգնաժամի հարցում՝ դառնալով Մեծ Բրիտանիայի դաշնակիցը։

Կաչինսկու ղեկավարած ուժը կոշտ դիրքորոշում ունի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Նոր կառավարության համար առաջնահերթություն է նաև երկրում ՆԱՏՕ-ի խոշոր ստորաբաժանումների երկարաժամկետ տեղակայումը։ Այս համատեքստում, ինչպես և կարելի է ենթադրել, կաճի հակառուսական քարոզչությունը՝ սրելով առանց այդ էլ սառը լեհ-ռուսական հարաբերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG